Արաղչին վերահաստատել է խաղաղ միջուկային էներգիա ունենալու Իրանի իրավունքը
3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ունի բոլոր իրավունքները վայելելու խաղաղ միջուկային էներգիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին ասել է CBS հեռուստաալիքի եթերում։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանը պետք է պահանջի երկրի ներսում ուրանի հասրտացման իրավունքը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության աճը՝ Արաղչին ասել է․«Որպես ինքնիշխան երկիր՝ մենք իրավունք ունենք որոշում կայացնել ինքներս մեզ համար»։
«Մենք այս տեխնոլոգիան մշակել ենք ինքներս, մեր գիտնականների կողմից, և այն մեզ համար շատ թանկ է», - նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դա իրանցիների արժանապատվության և հպարտության հարցն է, և իրենք չենք պատրաստվում հրաժարվել դրանից։
«Չկա որևէ իրավական պատճառ դա անելու, քանի դեռ ամեն ինչ խաղաղ է, քանի դեռ ամեն ինչ պաշտպանված է գործակալության կողմից»,- շեշտել է նա։
Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի լուծում գտնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։
«Ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա, և ռազմական ուժի կուտակումը չի կարող օգնել և չի կարող ճնշում գործադրել մեզ վրա», - ասել է նա։
Միջուկային համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ նա նշել է, որ իրանցիները դեռևս աշխատում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆի նախագծի առաջարկի վրա:
Արաղչիի խոսքով՝ երբ երկու կողմերը կրկին հանդիպեն փետրվարի 26-ին, «կարող են աշխատել այդ տարրերի վրա, պատրաստել լավ տեքստ և արագ համաձայնության գալ»:
«Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, ապա մենք ունենք բոլոր իրավունքները պաշտպանվելու։
Մեր հրթիռները չեն կարող հարվածել ամերիկյան հողին։ Այնպես որ, ակնհայտ է, որ մենք պետք է ինչ-որ այլ բան անենք։ Մենք պետք է հարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազային»,- նշել է նա։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հանդիպել են փետրվարի 17-ին Ժնևում, որտեղ երկու կողմերն էլ հայտարարել են, որ առաջընթաց է գրանցվել։ Նախագահ Թրամփը փետրվարի 20-ին՝ տարածաշրջանում ռազմական մեծ կուտակումների ֆոնին, հայտարարել է, որ քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հարցը՝ նախազգուշացնելով, որ Թեհրանը մի քանի օր ունի իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։