2 րոպեի ընթերցում
Եվրոպայի արտաքին գործերի խորհրդի կողմից հունվարի 29-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից հետո ԵՄ խորհուրդը փետրվարի 19-ին պաշտոնապես որոշել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
Ցուցակում ընդգրկվելուց հետո ԻՀՊԿ-ն նաև կենթարկվի ԵՄ հակաահաբեկչական պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում սահմանափակող միջոցառումների։ Սա ներառում է ԵՄ անդամ պետություններում նրա միջոցների և այլ ֆինանսական ակտիվների կամ տնտեսական ռեսուրսների սառեցումը, ինչպես նաև ԵՄ օպերատորների կողմից խմբավորմանը միջոցներ և տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելքը։
«Փետրվարի 19-ի որոշումից հետո, այսպես կոչված, ԵՄ ահաբեկչական ցուցակի շրջանակներում այժմ սահմանափակող միջոցառումների են ենթարկվում 13 անձ և 23 խմբավորում ու կազմակերպություն», - նշված է հաղորդագրության մեջ։
Հունվարի 29-ին Եվրոպայի արտաքին գործերի խորհրդի կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու առնչությամբ ձեռք բերված քաղաքական համաձայնությունից հետո Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել էր ահաբեկչական խմբերի ցանկում: Իրանի խորհրդարանը կոչ էր արել երկրից վտարել եվրոպացի ռազմական կցորդներին: