Խամենեին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդը չի կարող տապալել Իրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
«Նրանք անընդհատ ասում են. «Մենք ավիակիր ենք ուղարկել Իրանի ուղղությամբ»։ Շատ լավ։ Ավիակիրն, անկասկած, վտանգավոր սարքավորում է։ Բայց ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ավիակիրը ծովի հատակը ուղարկել», - հայտարարել է Խամենեին Թեհրանում իր ելույթի ժամանակ։
Նա հավելել է, որ Թրամփը չի կարող ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։
ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների ֆոնին ԱՄՆ զինված ուժերը շարունակում են Մերձավոր Արևելքում օդային և ռազմածովային միջոցների զգալի կուտակումը։ Վերջին օրերին Թրամփը զգուշացրել է, որ «հետևանքները շատ ծանր կլինեն» Իրանի համար, եթե չհաջողվի համաձայնության հասնել։
Միևնույն ժամանակ, Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի սպառնալիքները որպես բանակցային մարտավարություն, և ընդգծել է, որ պատրաստ է հակահարված տալ, եթե Վաշինգտոնը որոշի հարձակվել։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցությունների առաջին փուլը։
Փետրվարի 17-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում Օմանի միջնորդությամբ անցկացվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։