Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի որոշումը Արևմտյան ափի հողերի գրանցման ընթացակարգեր սկսելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի որոշումը Արևմտյան ափի հողերի գրանցման ընթացակարգեր սկսելու վերաբերյալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Իսրայելի որոշումը՝ օկուպացված Արևմտյան ափի տարածքները որպես պետական ​​սեփականություն դասակարգելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գուտերեշը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Ես դատապարտում եմ Իսրայելի կառավարության որոշումը՝ վերսկսելու հողերի գրանցման ընթացակարգերն օկուպացված Արևմտյան ափում: Որոշումը կարող է հանգեցնել պաղեստինցիներին սեփականությունից զրկելուն և սպառնում է ընդլայնել Իսրայելի անօրինական վերահսկողությունն այդ տարածքում գտնվող հողերի նկատմամբ», - նշել է նա։

Կոչ անելով Իսրայելին անհապաղ չեղարկել այս միջոցառումները՝ Գուտերեշը զգուշացրել է, որ նմանատիպ քայլերը խաթարում են երկու պետության բանաձևով կարգավորումը։

«Ես կոչ եմ անում Իսրայելին չեղարկել այս միջոցառումները և բոլոր կողմերին՝ պահպանել երկարատև խաղաղության միակ ուղին՝ բանակցությունների միջոցով երկու պետության բանաձևով կարգավորումը՝ միջազգային իրավունքին համապատասխան», - եզրափակել է նա։

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատել է ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի, արդարադատության նախարար Յարիվ Լևինի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի առաջարկն Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Սա 1967 թվականից ի վեր առաջին նման որոշումն է, որը նպատակ ունի լուծել Արևմտյան ափում հողերի սեփականության վեճերը։ Որոշման հիման վրա Իսրայելի արդարադատության նախարարության հողային գրանցամատյանի մարմինը կստանա լրացուցիչ ֆինանսավորում, լիազորություններ և անձնակազմ՝ պետական ​​​​գրանցամատյանում հողամասերի գրանցման գործընթացը կազմակերպելու համար։

Պաղեստինյան կողմն այս միջոցառումները դիտարկում է որպես Արևմտյան ափի պաշտոնական անեքսիա, որը կխաթարի ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած երկու պետության բանաձևով կարգավորումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում