Մարտիրոս Սարյանի «թաքնված» կտավը՝ ազգային պատկերասրահում. բացվեց «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը
5 րոպեի ընթերցում
Մարտիրոս Սարյանի՝ 1914 թվականին ստեղծած «Գեղջկուհիները դաշտում» ստեղծագործության վերականգնման ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահում ուշագրավ բացահայտում է արվել. նկարի ստորին շերտում պահպանված է եղել նկարչի վրձնած մինչև այդ անհայտ ևս մեկ ամբողջական կտավ։ Անհայտ նատյուրմորտը հավանաբար 1910 թվականին է վրձնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարյանի վերականգնված կտավն ու այլ ականավորների մի շարք գործեր արվեստասերներին ներկայացվեցին փետրվարի 12-ին «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսի շրջանակում։
Կտավները վերականգնել են Իգոր Պողոսյանը, Ամալյա Հովսեփյանը, Տաթևիկ Ամիրխանյանը, Արտաշես Աբրահամյանը, իսկ ցուցահանդեսը համադրել են Մարիամ Դավթյանը, Զառա Դիլանյանը, Վիգեն Գալստյանը, Հայկուշ Սահակյանը, Արփինե Սարիբեկյանը:
Վիգեն Գալստյանը, որը նաև պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավարն է, ասաց՝ փորձել են պարզել պատկերասրահի ֆոնդերում երկար տարիներ պահվող տարբեր աշխատանքների ինքնությունն ու կենսագրությունը։ Մինչ ցուցադրությունը հայտնի չեն եղել այդ գործերի հեղինակները, պատմությունները, սյուժեները, մշակութային պատկանելությունը և այլն։
«Սարյանի կտավը բացահայտվեց մշտական էքսպոզիցիայի վերակազմավորման ընթացքում, որում որոշել էինք ներառել նկարչի «Գեղջկուհիները դաշտում» կտավը։ Այն շատ հետաքրքիր գործ է և պատկանում է Սարյանի անցումային փուլի կտավների շարքին։ Այդ աշխատանքին երբևիցե պատշաճ ուշադրության չէր ցուցաբերվել։ Խոնավության պատճառով խեղված գործ էր. որպեսզի վերականգնողները կարողանային փրկել այն, անհրաժեշտ էր կտավը հեռացնել հենքից։ Երբ կտավը հեռացվում էր ստվարաթղթից, պարզվեց, որ դրա վրա Սարյանի՝ ավելի վաղ շրջանի աշխատանք է, որը հեղինակն ինչ-ինչ պատճառներով որոշել էր ոչնչացնել և օգտագործել որպես նյութ։ Թեպետ այն սոսնձված էր, հնարավոր եղավ սոսինձը հեռացնել ու երանգավորումների միջոցով ամբողջացնել պատկերը»,-պատմեց համադրողն ու հավելեց, որ Սարյանը ոչնչացրել է 1910 թվականին ստեղծած մի շարք աշխատանքներ։ Նա չի բացառում, որ նկարչի այլ աշխատանքների վերականգնման ընթացքում այլ գործեր ևս ի հայտ գան։
Գալստյանի խոսքով՝ արվեստագետները ստեղծագործական տարբեր փուլերով են անցնում, հաճախ վերանայում են իրենց անցած ուղին, իսկ խստապահանջ նկարիչները երբեմն դիմում են այնպիսի կտրուկ քայլերի, ինչպիսին է սեփական կտավների ոչնչացումը։ Գալստյանը շեշտեց՝ նման արվեստագետները գիտակցում են, որ թողնում են հարուստ ժառանգություն և ցանկանում են հանրությանը ներկայանալ իրենց լավագույն աշխատանքներով։ «Մեզ համար դժվար է ընկալել այդ քայլը, քանի որ այս նատյուրմորտը հրաշալի աշխատանք է, որի վրա պահպանվել է նաև Սարյանի ստորագրության հատվածը, որն արվեստագետը փորձել է ջնջել»,-նշեց համադրողը։
Վերջին երկու տարվա ընթացքում պատկերասրահը նպատակային և համակարգված ջանքեր է գործադրել իր հավաքածուի այն բաժինների վերանայման ուղղությամբ, որոնք պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն։ Արդյունքում որոշարկվել և նորովի հաստատվել է շուրջ երեսուն առարկայի իսկությունը, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Լևոն Քյուրքճեանի, Հակոբ Գյուրջյանի, Ալիս Բինեի, Լուի Անկետենի, Դավիդ Շտերենբերգի և այլ հեղինակների նշանակալի գործեր։
«Յուրաքանչյուր աշխատանք հետաքրքիր պատուհան է բացում դեպի իր ժամանակաշրջան, իր պատմություն։ Հետաքրքիր են հայտնի ֆրանսահայ գեղանկարիչ Հովհաննես Ալխազյանի կնոջ՝ Ալիս Բիենի վրձնին պատկանող դիմանկարները, որոնք երկար տարիներ մեր ֆոնդերում գրանցված են եղել որպես անհայտ նկարչի կտավներ։ Մակերեսային հետազոտությամբ անգամ պարզվեց, որ դրանք Ալիսի աշխատանքներն են՝ արված փայլուն վարպետությամբ։ Ստացվում է, որ Ալխազյանի կինը մնացել է նրա ստվերի ներքո»,-պատմեց Վիգեն Գալստյանն ու ուշագրավ համարեց նաև 1970-ականների մի աշխատանք, որում հեղինակը՝ Լևոն Թադևոսյանը, նախնական մտահաղացման համաձայն պատկերել է Անդրանիկ Օզանյանին։ Որպեսզի նկարը ցուցադրվեր, հեղինակին ստիպել են, փակել Անդրանիկի կերպարը։ Նա դա արել է, իսկ հետագայում մթնոլորտային ազդեցության ներքո վրադիր ներկաշերտը թափվել է և տեսանելի է դարձել Անդրանիկի պատկերը։ Կտավն ամբողջացվել ու վերադարձվել է իր նախնական տեսքին։
Ցուցահանդեսում հնարավոր է տեսնել նաև Գոհար Ֆերմանյանի, Վահրամ Գայֆեճյանի, Մերուժան Հարությունյանի, Հովհաննես Այվազովսկու, Հարություն Շամշինյանի, Ժյուլ դը Գոնկուրի, Սալվատորե Վալերիի, Լուի Անկետենի և այլոց աշխատանքները։