Սալոնիկի քաղաքապետարանում բացվել է «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդես

4 րոպեի ընթերցում

Սալոնիկի քաղաքապետարանի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության աջակցությամբ Սալոնիկի քաղաքապետարանի մեծ սրահում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես՝ «Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսն իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են շուրջ 100 նկար՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի բացման ուղերձներով հանդես են եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Սալոնիկի փոխքաղաքապետ Սպիրոս Ցելեպիսը։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ցուցահանդեսի կազմակերպման նախապատմությունը՝ ընդգծելով է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի դերը տաղանդաշատ երեխաներին ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելու համար։ Դեսպանը կարևորել է հայաստանյան արվեստի դպրոցների սաների այս բացառիկ ցուցահանդեսը, որը միտված է հայ և հույն ժողովուրդներին ավելի փոխադարձ ճանաչելի դարձնելուն և միմյանց ավելի սերտացնելուն։

Նա նաև հավելեց, որ դեսպանությունը Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում առաջ է մղում մշակութային դիվանագիտության նախաձեռնություններ, որոնք Հայաստանին ավելի տեսանելի են դարձնում բարեկամ հույն ժողովրդի համար։

Նորարարության, ձեռներեցության և երիտասարդության հարցերով Սալոնիկի փոխքաղաքապետ Սպիրոս Ցելեպիսը ողջունեց Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությունը Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսի անունից, և միաժամանակ բարձր գնահատեց հայաստանյան արվեստի դպրոցի սաների աշխատանքը։ Նա նշեց, որ երկու երկրների՝ Հայաստանի և Հունաստանի, առասպելաբանությունները զբաղեցնում են առանձնահատուկ տեղ մշակութային ավանդույթում և պահպանում են իրենց ուղերձների արդիականությունը՝ միաժամանակ առաջարկվող գեղագիտական հաճույքի միջոցով։ Ըստ նրա, առասպելները երբեք չեն բացակայել որևէ պատմական ժամանակաշրջանից. դրանք պահպանվել և պահպանվում են հազարամյակներ շարունակ, ինչը ընդգծում է դրանց կարևորությունը։

Միաժամանակ փոխքաղաքապետ Ցելեպիսը հավելեց, որ չնայած երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հայկական առասպելաբանությունը հույների համար հիմնականում անհայտ է, և նման նախաձեռնությունների միջոցով է նաև, որ հայկական ավանդույթները և մշակույթը ճանաչելիություն են ձեռք բերվում և արժանվույնս գնահատվում։

Ցուցահանդեսին ներկա էին Սալոնիկի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի պատասխանատուն, Հունաստանի խորհրդարանի անդամներ, Մակեդոնիա և Թրակիա շրջանի ռազմական, քաղաքական և կրոնական վերնախավի ներկայացուցիչներ, Սալոնիկում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, պատվո հյուպատոսներ, մտավորականներ, լրագրողներ։

Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդեց ընդունելություն։

Ցուցահանդեսը Սալոնիկում բաց կլինի մինչև փետրվար ամսվա վերջ։

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն