Վերլուծություն

Հայ-հնդկական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են՝ հիմքում ունենալով նաև ռազմական ու աշխարհաքաղաքական կարևոր բաղադրիչներ

9 րոպեի ընթերցում

Հայ-հնդկական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են՝ հիմքում ունենալով նաև ռազմական ու աշխարհաքաղաքական կարևոր բաղադրիչներ

Ռազմական ոլորտում հայ-հնդկական փոխգործակցությունն առավել ակտիվորեն զարգացավ 2022 թվականի սեպտեմբերից, և այսօր Հնդկաստանի համար Հայաստանն ամենամեծ քանակով սպառազինություն գնող երկրներից է, ինչն ընդգծում է համագործակցության կարևորությունը երկու կողմերի համար։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն անդրադարձավ հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, զինատեսակների գնման գործընթացին և սպառազինության նպատակային կիրառելիության հարցին։   

«2022 թվականին Հնդկաստանը, թերևս, միակ երկիրն էր, որն իսկույն պատրաստակամություն հայտնեց ամեն տեսակի զենք-զինամթերք մատակարարել Հայաստանին։ Դրանից հետո նշված ոլորտում այլ երկրների հետ հարաբերությունները նույնպես զարգացան, սակայն կրիտիկական ժամանակաշրջանում հենց Հնդկաստանը օգնության ձեռք մեկնեց մեզ։ Հնդկաստանի համար փոխգործակցությունը կարևորվում է այն առումով, որ այդ երկիրը նոր խաղացող է սպառազինության միջազգային շուկայում, հետևաբար հայկական կողմի պատվերները բավականին լուրջ քայլ առաջ էին հնդկական ռազմարդյունաբերության համար և օգնում են Հնդկաստանին վաճառել սեփական արտադրանքն այլ շուկաներում»,- նշեց Ներսիսյանը։

Վկայակոչելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը՝ ռազմական փորձագետը հիշեցրեց, որ հայկական կողմը Հնդկաստանից գնել է մեծ քանակի հրետանու տեսականի, այդ թվում՝ 155 մմ «ATAGS», «MARG-155» և «TRAJAN» թնդանոթներ, ինչպես նաև «PINAKA» հրթիռային համալիրներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի «УРАГАН» և «СМЕРЧ» համալիրների համեմատությամբ՝ գտնվում են նույն դասակարգման մեջ։    

«Հրետանային և հրթիռային համալիրների գնումը բավականին կարևոր էր Հայաստանի համար, որովհետև բավականին լուրջ կորուստներ ունեցանք 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նոր համալիրները դրական առումով էականորեն տարբերվում են խորհրդային սպառազինությունից, որը նախկինում օգտագործել ենք։ Օրինակ՝ «ATAGS» տեսակի թնդանոթը կարող է կրակ արձակել մինչև 45 կմ հեռավորության վրա, իսկ խորհրդային 152մմ հրետանին սովորաբար չէր գերազանցում 20-24կմ հեռավորությունը։ «PINAKA» հրթիռային համալիրն իր հերթին էապես տարբերվում է «ГРАД»-ից, քանի որ ունի ավելի մեծ հեռավորությամբ խոցելիություն։ Կան նաև այնպիսի հրթիռներ, որոնք օգտագործում են արբանյակային նավիգացիա (GPS) և կարող են հասցնել ճշգրիտ հարվածներ մինչև 75 կմ հեռավորության վրա, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բանակի համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Ներսիսյանի դիտարկմամբ՝ սպառազինության ոլորտում տեղի են ունենում ակտիվ փոփոխություններ, ռազմարդյունաբերության մեջ ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, առկա է շուկաների դիվերսիֆիկացիա։ 

«Մենք տարբեր մոդելների զենք-զինամթերք գնում ենք տարբեր երկրներից, և այդ ամենը թվայնացված համալիրներ են, որոնք աշխատում են ավելի արագ և ճշգրիտ, սակայն պետք է ճիշտ ադապտացնել ու կիրառել այդ ռեսուրսները, քանի որ մոտեցումները տարբերվում են ավելի հին սպառազինության համեմատությամբ։ Մի մատակարարողից տարատեսակ զենք-զինամթերք գնելը թույլ է տալիս քիչ ավելի հեշտ ինտեգրել այդ ամենը մեկ համակարգի մեջ՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ճիշտ ընտրության վրա, սակայն մյուս կողմից դա առաջացնում է մեծ կախվածություն։ Չկա որևէ մատակարար պետություն, որը կարող է ամենաօպտիմալը լինել Հայաստանի համար։ Հնարավոր է ունենալ շատ լավ զենիթահրթիռային համալիրներ, բայց համեմատաբար քիչ հնարավորություններ հակաօդային պաշտպանությունում, ուստի դիվերսիֆիկացիան այդ առումով արդարացված է»,- նշեց Ներսիսյանը։  

Նա հավելեց, որ Հայաստանն այժմ օգտվում է բաց շուկաներից, և ամենամեծ առավելությունն այն է, որ միշտ կա գնի ու որակի տեսնակյունից ամենաօպտիմալ լուծումը գտնելու հնարավորություն՝ չունենալով մեծ կախվածություն մեկ կետից։  

«Այդուհանդերձ, պետք է շատ ջանքեր կիրառել՝ հասկանալու համար, թե որոնք են ճիշտ գնումները։ Ավելի դժվար է այդ ամենն ինտեգրել ու կիրառել մեկ թվայնացված ցանցում, սակայն դա միանշանակ հնարավոր է։ Բոլորն ընդունում են, որ մեր ՏՏ ոլորտում կա մեծ ներուժ, և այդտեղ աշխատում են առաջադեմ մասնագետներ»,- եզրափակեց Ներսիսյանը։   

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն իր հերթին նշում է, որ թեև ռազմական ոլորտում հայ-հնդկական փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն, սակայն երկկողմ հարաբերությունները նշանակալից են նաև աշխարհաքաղաքական առումով։   

«Այն հանգամանքը, որ Հայաստանն այս պահին հնդկական սպառազինության հիմնական գնորդներից մեկն է, ևս մեկ անգամ բնորոշում է փոխգործակցության մակարդակը։ Հայ-հնդկական հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ։ Սպառազինության գնումը ոչ միայն պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության դրսևորում է, այլև իր հիմքում ունի քաղաքական փոխգործակցության բաղադրիչ, հետևաբար Հնդկաստանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է»,- նշեց Ստեփանյանը։  

Նա հավելեց, որ Հնդկաստանի թիվ մեկ թշնամին Պակիստանն է, ու թեև Հայաստանը ձգտում է բարելավել հարաբերությունները Պակիստանի հետ, այդուհանդերձ, քաղաքագետը հիշեցրեց, որ Պակիստանը 44-օրյա պատերազմում ներգրավվեց ընդդեմ Հայաստանի, ուստի այդ առումով մեր երկիրն ու Հնդկաստանը համարվում են բնական դաշնակիցներ։

«Հայ-հնդկական ռազմավարական բնույթի հարաբերությունները գնալով խորանալու են, ինչը Հայաստանի համար կարևոր է նաև այն առումով, որ Հնդկաստանն աշխարհում իր տնտեսական աճով առաջատար երկրներից է, որտեղ ազգաբնակչությունը գլխավորապես երիտասարդ է, և տնտեսությունը զարգանալու մեծ տեղ ունի։ Հնդկաստանը տեխնիկական և տեխնոլոգիական առումով նույնպես գրանցել է զգալի առաջընթաց, և փաստացի համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը։ Հաշվի առնելով, որ մենք Միացյալ Նահանգների հետ նույնպես ունենք դաշնակցային հարաբերություններ՝ գործընկերային կապերն այդ տեսանկյունից իսկապես շատ են կարևորվում»,- ասաց քաղաքագետը։    

Ստեփանյանի դիտարկմամբ՝ լոգիստիկ համագործակցությունը ևս ունի մեծ նշանակություն։ Նա խոսեց Հյուսիս-հարավ ճանապարհի մասին, որը պետք է Հնդկաստանին հետագայում ուղղակիորեն Իրանի ու Հայաստանի ճանապարհներով կապի եվրոպական շուկաների հետ։

«Ցավոք, տեսնում ենք, որ Իրանում այժմ կան լուրջ ներքին խնդիրներ, լարված են հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրանի պարագայում այդ նախագիծը որոշ չափով դրված է հարցականի տակ, քանի որ իրանական նավահանգիստների շահագործման հարցի հանդեպ հետաքրքրությունը, որքանով հասկանում եմ, նվազել է։ Եթե «Թրամփի ուղի» նախագիծն աշխատի, և Հարավային Կովկասը կապվի Կենտրոնական Ասիայի հետ, հետագայում դա կարող է հնարավորություններ ընձեռել նաև Հնդկաստանին։ Բայց դա ապագայի հարց է»,- ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով BRICS-ի շրջանակում համագործակցության մասին, առավել ևս, որ Հնդկաստանն այդ կառույցի հիմնադիրներից է՝ քաղաքագետն ընդգծեց, որ առավել կարևոր են երկկողմ հարաբերությունները, քանի որ Հայաստանն ու Հնդկաստանն, ըստ նրա, ունեն այնպիսի մակարդակի հարաբերություններ, որոնց հիմքում հնդկական սպառազինության գնումն է։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին ժամանել էր Հայաստան և գործընկերների հետ ունեցել արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։ Ընդունելով հնդկական պատվիրակությանը՝ ՀՀ վարչապետը համոզմունք էր հայտնել, որ Անիլ Չաուհանի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողքին Հնդկաստանի արտադրած զինատեսակների ամենախոշոր ներկրողներից է: 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում