ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլատրել է ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթի արդյունահանման բնագավառում. The Times of India
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ առևտրի նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը Հնդկաստանի ONGC նավթագազային խոշորագույն պետական կորպորացիային լիցենզիա է տրամադրել Վենեսուելայի նավթի ճյուղում ներդրումներ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Ըստ հրապարակման՝ լիցենզիան նպաստում է ONGC-ի գործունեության ընդլայնմանը Վենեսուելայում, կորպորացիայի մասնակցությանը երկրում նավթի արդյունահանմանը և այդ ոլորտում երկկողմ համագործակցության պայմանագրերի ստորագրմանը, որոնք նախկինում սահմանափակված էին Կարակասի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:
«Մենք այժմ ունենք լիակատար ազատություն՝ աշխատելու Վենեսուելայի նախագծի վրա, որը նախկինում սահմանափակված էր ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած ռիսկերով: Այժմ այդ ռիսկերը մնացել են անցյալում», - թերթին ասել է ONGC-ի ֆինանսական տնօրեն Անուփամ Ագարվալը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ լիցենզիան կորպորացիային թույլ կտա կառավարել ներդրումները Վենեսուելայի նախագծերում և ստանալ արդեն վաստակած 500 միլիոն դոլար գումարի շահութաբաժինները: Նա նշել է, որ ONGC-ն մեծ կարևորություն է տալիս Վենեսուելայի հետ համագործակցության զարգացմանը, որն ունի 303 միլիարդ բարելի չափով նավթի հետախուզված պաշարներ՝ աշխարհում ամենամեծը:
Մինչև 2019 թվականը Վենեսուելան Հնդկաստանի նավթի մեծությամբ հինգերորդ մատակարարն էր։ Սակայն Կարակասի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո Նյու Դելին գրեթե յոթ տարի էներգակիրներ չի գնել Բոլիվարյան Հանրապետությունից, ինչը հանգեցրել է երկու երկրների միջև առևտրի ծավալի զգալի նվազման։ 2026 թվականի ապրիլին ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումից հետո Վենեսուելան դարձել է Հնդկաստանին նավթի խոշորագույն մատակարարներից մեկը։
Ըստ փորձագետների գնահատումների՝ վենեսուելական նավթը Հնդկաստանին առաջարկում է ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականապես ընդունելի տարբերակ ՝ ԱՄՆ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի բարձրացման և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պայմաններում: