Հայաստանը մտահոգված է ռուսական կողմից հրապարակայնորեն հնչող հռետորաբանությամբ. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ ԱԳ նախարարին
1 րոպեի ընթերցում

Հայաստանը մտահոգված է ռուսական կողմից հրապարակային կերպով հաճախ հնչող հռետորաբանությամբ:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Մենք մտահոգված ենք հրապարակայնորեն շատ հաճախ հնչող հռետորաբանությամբ: Դա մտահոգում է ոչ միայն մեզ, այլ նաև Հայաստանի հասարակությանը»,-նշեց ԱԺ նախագահը:
Նա նկատեց՝ քաղաքական գործիչներին կարող են այլ քաղաքական գործիչներ փոխարինել, սակայն հայ հասարակությունում շատ բացասական են արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից: «Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարևոր է։ Կա ընկալում, որ Մոսկվան դաշնակից է եղել է և մնում է: Դրա համար շատ ցավալի է լսել այդպիսի հայտարարություններ»,-ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ այդ հարցերը քննարկել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։