Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծ, որը վերջ է դնում դաշնային կառույցների աշխատանքի՝ հունվարի 31-ից սկսված մասնակի դադարեցմանը՝ շաթդաունին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:
«Ես ուրախ եմ ստորագրել Համախմբված հատկացումների մասին օրենքը՝ դաշնային կառավարության աշխատանքն անհապաղ վերսկսելու և գործառնությունների ճնշող մեծամասնությունը մինչև ֆինանսական տարվա ավարտը (2026 թվականի սեպտեմբերի 30) ֆինանսավորելու համար», - ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր կառավարության ֆինանսավորումը վերսկսելու օրինագծի օգտին. այն պաշտպանել էր 217 կոնգրեսական, դեմ էր արտահայտվել 214-ը։
Կառավարության ֆինանսավորումը մասնակիորեն կասեցվել էր տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերին։
Դեմոկրատներն ու հանրապետականները Սենատում համաձայնեցրել են ծախսերի մասին հինգ օրինագծից բաղկացած փաթեթը, սակայն բացառել են վեցերորդը, որը վերաբերում է Ներքին անվտանգության նախարարության լիակատար ֆինանսավորմանը: Դրա փոխարեն սենատորները համաձայնել են այդ գերատեսչության ժամանակավոր ֆինանսավորմանը երկու շաբաթով, որպեսզի օրենսդիրները ժամանակ ունենան լուծելու իրենց տարաձայնություններն այս հարցի շուրջ։ Այսպիսով, Ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը կպահպանվի մինչև փետրվարի 13-ը: Եթե կոնգրեսականները չկարողանան համաձայնության գալ մինչև այդ օրը, ապա ԱՄՆ-ին սպասվում է ևս մեկ, իր մասշտաբներով սահմանափակ մասնակի շաթդաուն։
Օրինագծերի փաթեթը, որը հաստատվել է Սենատի, ապա Ներկայացուցիչների պալատի կողմից, վերաբերում է Պաշտպանության նախարարության, Առողջապահության նախարարության, Ֆինանսների նախարարության, դաշնային դատական համակարգի ու այլ գերատեսչությունների ֆինանսավորմանը մինչև 2026 թ. սեպտեմբերի 30-ը: Հենց այս գերատեսչություններն էին դադարեցրել աշխատանքը հունվարի 31-ին, ինչը հանգեցրել է մասնակի շաթդաունի։