Ժաննա Անդրեասյանն ու Իսրայելի կրթության նախարարն անդրադարձել են գիտահետազոտական համագործակցությանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու «Կրթություն 2026» նախարարական համաժողովին։ Այն նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականությունների մշակմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը փետրվարի 2–ին հանդիպել է Իսրայելի կրթության նախարար Յոավ Կիշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և «Կրթություն 2026» նախարարական համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Իսրայելի հետ կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առկա են փոխլրացնող ներուժ և համագործակցության լայն հնարավորություններ՝ հատկապես նորարարական և տեխնոլոգիական կրթության ուղղություններով։

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, մասնավորապես՝ արհեստական բանականության ուսուցման ներդրումն ավագ դպրոցներում: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ ՍԵՐՈՒՆԴ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև STEP.ai գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. մասնավոր հատվածի անմիջական նախաձեռնությամբ և 2024 թ. սկսած պետության անմիջական ներգրավմամբ ընդլայնել է շրջանակը՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:

Կողմերը քննարկել են ուսումնական ծրագրերի մշակման, ուսուցիչների վերապատրաստման, STEM կրթության, թվային գրագիտության և նորարարական դասավանդման մեթոդների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական և մասնագիտական կրթության զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների և թվային հմտությունների ուղղություններով համատեղ ծրագրերի նախաձեռնմանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը վերաբերող հարցերին։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը՝ ընդգծելով երկրի առաջավոր փորձը ոչ ֆորմալ կրթության ոլորտում և ներկայացնելով Թումո կենտրոնի գործունեության մոդելը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտահետազոտական համագործակցությանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին, միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և ակադեմիական քաղաքի նախագիծը՝ ընդգծելով, որ բարեփոխումներով մեծ տեղ է տրվում նաև ոլորտի միջազգայնացմանն ու օտարերկրյա գործընկերների ներգրավմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու կրթության ոլորտում երկկողմ, երկարաժամկետ համագործակցությունը։

Հայերեն العربية English Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո