Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ «լուրջ բանակցություններ» է վարում

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ «լուրջ բանակցություններ» է վարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է Միացյալ Նահանգների հետ «բավարարող» համաձայնագիր կնքի, որը կհանգեցնի նրան, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք չի ունենա։

«Ես չգիտեմ՝ արդյոք նրանք կհամաձայնվեն դրան։ Բայց նրանք մեզ հետ բանակցություններ են վարում։ Լուրջ բանակցություններ»,— ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, այս մասին Թրամփն ասել է լրագրողներին` Air Force One ինքնաթիռով Ֆլորիդա թռիչքի ընթացքում։

Թրամփը հրաժարվել է լրագրողներին ասել, թե ինչ է նա մտադիր անել Իրանի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքներով Վաշինգտոնը կորոշի, թե ինչպես վարվել Թեհրանի հետ։

«Տեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում տեսնենք՝ ինչ կլինի... Մենք ունենք մեծ ռազմածովային նավատորմ, որը ուղղվում է այնտեղ»,— ասել էր նա Fox News-ին։

Թրամփն ավելացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին չի տեղեկացնում հնարավոր հարվածների պլանների մասին։

«Մենք չենք կարող նրանց պատմել պլանի մասին։ Եթե ես նրանց պատմեի պլանի մասին, դա գրեթե նույնքան վատ կլիներ, որքան ձեզ պլանի մասին պատմելը. իրականում, դա կարող էր ավելի վատ լինել»,- հայտարարել է նա։

Դոնալդ Թրամփը հունվարին սպառնացել է միջամտել Իրանի իրավիճակին այն բանից հետո, երբ երկրում խստորեն ճնշել էին հակակառավարական բողոքները։ Այս ֆոնին ԱՄՆ-ն Իրանի ափեր է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավի գլխավորած ռազմածովային հարվածային խումբը։

Սրա հետևանքով մտավախություններ են առաջացել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև կարող է ուղիղ հակամարտություն բռնկվել։ Թեհրանն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ հարձակման դեպքում կպատասխանի ԱՄՆ բազաների, նավերի ու դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ հրթիռային հարվածներով։

Թրամփը համարում է, որ Իրանը նախընտրելու է համաձայնագիր կնքել իր միջուկային ու հրթիռային ծրագրերի վերաբերյալ, քան պատերազմել ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում