Ռուսաստան

Հայաստանի և Ռուսաստանի փրկարարներն անցկացրել են համատեղ վարժանք

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի փրկարարներն անցկացրել են համատեղ վարժանք

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հունվարի 30-ին այցելել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն և հետևել ցուցադրական վարժանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել հրշեջ-փրկարարական սարքավորումների և տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին, իսկ ինժեներասակրավորային և վթարա-փրկարարական պատրաստության լսարաններում ծանոթացել են կրթական հնարավորություններին։

Սցենարային վերապատրաստումների ընթացքում ցուցադրվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ հրդեհ, պայթյուն, քարաթափում, արգելափակված և տուժած քաղաքացիներ։ Փրկարար ջոկատները օպերատիվ արձագանքել են յուրաքանչյուր սցենարի՝ օգնություն ցուցաբերել տուժածներին, մարել հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել արգելապատնեշները։

Առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, խնդիրները՝ հաջողությամբ լուծվել։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարար ջոկատների պատրաստավածությունն ու մասնագիտական կարողությունները:

Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։ Ավարտին Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին:

 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում