Աբու-Դաբիում կայացած հանդիպումը նախորդներից տարբերվեց հրատապությամբ․Նորայր Դունամալյանը՝ ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների մասին

5 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման համատեքստում Ադու-Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումը բանակցային գործընթացի հերթական փուլն էր, սակայն տարբերվեց նախորդ հանդիպումներից ավելի հրատապ լինելու հանգամանքով։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նորայր Դունամալյանն անդրադարձել է Աբու-Դաբիում կայացած եռակողմ բանակցություններին (ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա), ինչպես նաև հակամարտության ներկա փուլին և հետագա հնարավոր զարգացումներին։ 

«Այդուհանդերձ, շատերի համար նման հանդիպումն անսպասելի էր, հատկապես եռակողմ ձևաչափը, որովհետև ԱՄՆ-ն նախկինում, սովորաբար, անցկացնում էր երկկողմ հանդիպումներ՝ փորձելով հակամարտող կողմերին բերել ընդհանուր հայտարարի։ Հիմնականում ամերիկյան կողմն է այդ նախաձեռնությունը համարում դրական քայլ, որը կարող է հակամարտության կարգավորման տեսանկյունից հիմք լինել հետագա կառուցողական գործողությունների համար»,- ասաց Դունամալյանը։

Նա հավելեց, որ բանակցային գործընթացը կախված է հարակից այլ գործոններից, որոնք այս կամ այն չափով ազդում են զարգացումների վրա։

«ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում հիմնականում խոսվում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունների մասին, սակայն այդ գործընթացը նույնպես կապված է համաշխարհային գլոբալ փոփոխությունների հետ։ Քննարկվող հրատապ թեմաներից են Խաղաղության խորհրդի ստեղծումը և ՄԱԿ-ին այլընտրանքային հարթակ ձևավորելու հարցը։ Ակտիվորեն քննարկվում են նաև Արկտիկայի հետ կապված զարգացումները, որոնք կարող են բերել ինչպես համագործակցության, այնպես էլ կարող են սրել հակասությունները՝ բերելով հակամարտության խորացման նաև այլ տարածաշրջաններում»,- պարզաբանեց քաղաքագետը։

Դունամալյանի դիտարկմամբ՝ ուկրաինական կողմն այժմ դարձել է ավելի խոցելի։ Երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածները հանգեցրել են հումանիտար աղետի ոչ միայն Կիևում, այլև այլ բնակավայրերում։ Այդ հանգամանքով է պայմանավորված Աբու-Դաբիում կազմակերպված բանակցությունների հրատապությունը։

«Հատկապես Ուկրաինայի համար այժմ անորոշ փուլ է, որովհետև ուկրաինական կողմը զրկվել է ամերիկյան ուղիղ ռազմական աջակցությունից։ Դիվանագիտական ոլորտում նույնպես կան որոշակի խզումներ։ Քննարկվող հիմնական թեման վերաբերում է Ուկրաինայի ապագային, որոշ չափով նաև Եվրամիության ապագային, թե հետագայում՝ Թրամփի պաշտոնավարման օրոք, կամ նրանից հետո, գալիք աշխարհակարգում ինչպիսի տեղ ու կշիռ են ունենալու։ Գետնի վրա ռազմական գործողությունները շարունակվում են, և այստեղ էականը այն չէ, թե ով է հաղթելու պատերազմում, այլ այն, թե որ կողմի ռեսուրսներն են ավելի շուտ սպառվելու։ Հակամարտության անհապաղ ու անակնկալ հանգուցալուծումը կողմերին պարտադրելու տարբերակը բացառված չէ, սակայն ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը դրան պատրաստ չեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիությունը նույնպես այս կամ այն չափով ներգրավված է հակամարտության մեջ՝ աջակցելով Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է հնարավորինս շուտ հանգուցալուծել հակամարտությունը՝ քաղաքագետն ընդգծեց, թե ԵՄ-ն, միանշանակ, ցուցաբերում է հակառուսական դիրքորոշում՝ Ուկրաինայի համար պահանջելով անվտանգության հստակ երաշխիքներ։

«Ամերիկյան կողմն իր հերթին դրդում է Ուկրաինային հաշվի առնել հնարավոր տարածքային կորուստների փաստը։ Մյուս կողմից էլ ակտիվորեն քննարկվում է Ուկրաինային ֆինանսավորելու հարցը։ Այդ աջակցությունը կարող է գալ և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրամիությունից։ Այդ հարցում նրանք դաշնակիցներ են։ Բայց պետք է հաշվի առնել, որ պատերազմական գործողություններից տուժած տարածքների զգալի մասն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ, ուստի ստացվում է, որ օգնությունը տրվելու է Ուկրաինային, սակայն վերակառուցման գործընթացը լինելու է ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Այդ առումով կան շատ հարցեր, որոնք դեռ պատասխաններ չեն ստացել»,- ասաց Դունամալյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի հետաքրքրությունը կամ շահագրգռվածությունը պայմանավորված է գլխավորապես տնտեսական շահով, մինչդեռ ԵՄ-ի պարագայում առաջին պլան է մղվում ռազմավարական շահը։ Նրա դիտարկմամբ՝ հենց շահերի բնույթով էլ պայմանավորված է կողմերի դիրքավորումը ռուս-ուկրաինական հակամարտությունում։

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ