«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2026
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:
Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» առաջին տեղում է։ «Կարդինալը» վեպը Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է մինչև վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով «գաղտնի պահված» մի հզոր հայորդու, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի բացառիկ կյանքի ոդիսականը։ Նա երկու անգամ՝ 1958 և 1963 թթ., Հռոմի պապի ընտրություններում պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների «հատուկ օպերացիաների» արդյունքում Հռոմի պապ չընտրվեց։ Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958—1970 թթ.), Աղաջանյանը սփյուռքահայության համար աներևակայելի գործունեություն է ծավալել։ Քեսաբն ու ևս 9 հայկական գյուղեր նրա շնորհիվ փրկվեցին թուրքական ճիրաններից: Բայց նվիրյալ հոգևորականին, որպես հակակոմունիստ, ԽՍՀՄ-ը արգելել էր հայրենիքի հետ ցանկացած շփում։ Այս վեպով հեղինակն ամբողջացնում է մեծ հայորդու, հանրահայտ հոգևորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Վեպը նաև մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ է անում:
Երկրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը երրորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։ Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի. արդյո՞ք սիրահարները քաջություն կունենան դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…
Աշոտ Ստեփանյանի «Գիրք՝ հրաժեշտի փոխարեն» ստեղծագործությունը չորրորդն է։ «Չգրող, չմեռնող գրողը հոգեբանի սենյակում է.. Ի՞նչ կապ են ստեղծում միմյանց հետ պատմողն ու լուռ լսողը: Զրույցների ընթացքում բացվում է (չ)գրողի չարչրկված ներսը` լեցուն գնացող ու եկող մարդկանց կյանքերի, հիշողությունների ու տրավմաների կտորտանք-հոսքերով, որոնք համեմված են աբսուրդի հասնող դրսևորումներով: Հոգեբանն ունկնդի՞ր է: (Չ)գրողի անանկեղծ «ես»-ը, մշտապես խոսակցությանը միջամտելով, լրացնելու և սրելու է պատմությունների հանգուցալուծումները՝ ստեղծելով սատիրայի, ինքնահեգնանք-խարազանման և ներքին հակադրությունների խիտ պատկեր-մթնոլորտ: Սա բառերից վախեցող գրողի պատմություն է, որտեղ միաժամանակյա դրսևորումներ են ունենում ապրելու անիմաստության և չապրելու մազոխիստական-էքզիստենցիալ խոր զգացողությունները: Վերջում մնում է հասկանալ՝ ի՞նչ է լինելու (չ)լսողի հետ:
Ռաֆայել Մարգարյանի «Մնա ժպիտիս մեջ» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս պատմությունը «Սպասիր ինձ երկնքում» գրքի շարունակությունն է: Սա պատմություն է հավատալու, և սերը չկորցնելու մասին: Եվ ապացույցն է այն բանի, որ լույսը ծագում է իր ճիշտ ժամանակին, երբ շուրջբոլորը խրթին խավար է։ Ընթերցելով այս պատմությունը կիմանաք՝ ինչ փորձությունների միջով են ստիպված լինում անցնել արդեն սիրված հերոսները. որտեղ են գտնում իրենց հոգին ջերմացնող լույսը... Եվ թե ինչպես է ներկայի ու անցյալի միահյուսումը յուրահատուկ գործվածքի պես պատկերում հանգուցալուծումը...Այս գիրքը ոչ ոքի անտարբեր չի թողնի...
Րաֆֆու «Խենթը» վեցերորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։
Աննա Առաքելյանի «Սպանիր ներսիդ թիթեռներին» գիրքը յոթերորդ տեղում է։ Գիրքը մարդու ներքին պայքարի մասին է, այն պահի, երբ նա սկսում է հասկանալ, որ իր ներսի գեղեցիկ զգացումները միշտ չէ, որ իրեն դեպի լավն են տանում։ Գիրքը պատմում է մարդու մասին, ով երկար ժամանակ ապրել է հույսերով, իդեալական պատկերացումներով և սիրո մասին ստեղծած պատրանքներով։ Այդ հույսերը նրան ուժ են տվել, բայց միաժամանակ խլել են սթափ մտածելու կարողությունը։ Պատմության առանցքում գալիս է բեկումնային պահը, երբ մարդը ընտրության առաջ է կանգնում։ Կամ շարունակում է ապրել թիթեռներով, սպասումներով ու դատարկ խոստումներով, կամ համարձակվում է ընդունել իրականությունը այնպիսին, ինչպիսին կա։ Թիթեռներին «սպանելը» այստեղ դաժանություն չէ, այլ գիտակցված քայլ՝ հրաժարվել պատրանքներից և սկսել ապրել սթափ ու ազնիվ ինքն իր հետ։
Րաֆֆու «Խենթը» մեկ այլ հրատարակչության լույսընծայմամբ՝ ութերորդն է։ Րաֆֆին իր «Խենթը» վեպով ցանկանում էր ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Գրքում նկարագրված են Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը՝ կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, Բայազետի բերդի պաշարումն ու գլխավոր հերոսի՝ Վարդանի (նախատիպը հանդիսացել է ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը) սխրագործությունները:
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը իններորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը տասներորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | +1 | ![]() | Աշոտ Աղաբաբյան «Կարդինալը» | հեղ․ հրատ | 50 |
| 2 | -1 | ![]() | Գրիգոր Քեշիշյան «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 46 |
| 3 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» | Դավինչի | 29 |
| 4 | նոր | ![]() | Աշոտ Ստեփանյան «Գիրք՝ հրաժեշտի փոխարեն» | Անտարես | 27 |
| 5 | -1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Մնա ժպիտիս մեջ» | հեղ. հրատ | 24 |
| 6 | +3 | ![]() | Րաֆֆի, «Խենթը» | Անտարես | 23 |
| 7 | -1 | ![]() | Աննա Առաքելյան «Սպանիր ներսիդ թիթեռներին» | հեղ. հրատ | 19 |
| 8 | * | ![]() | Րաֆֆի «Խենթը» | Էդիթ Պրինտ | 19 |
| 9 | * | ![]() | Գրիգոր Քեշիշյան «Հանդիպում անցյալի հետ» | Դավինչի | 18 |
| 10 | * | ![]() | Ռաֆայել Մարգարյան «Օգնիր սրտիս բաբախել» | հեղ. հրատ | 17 |









