Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը: Հաջորդիվ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից` ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, տրվել է պաշտոնական ընթրիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում