Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 830 հազար մանրաձուկ
1 րոպեի ընթերցում

Սևանա լիճ նախորդ տարի բաց է թողնվել իշխանի՝ շուրջ 836 հազար Ամառային և Գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ՝ նախատեսված 500 հազարի փոխարեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով պետական բյուջեի ֆինանսավորմամբ շարունակվել են մանրաձկան բացթողնման աշխատանքները՝ նախատեսված 500 հազար հատի փոխարեն լիճ է բաց թողնվել շուրջ 836 հազար հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ՝ նախորդ տարվա 390 հազար հատի դիմաց»,-ասաց նախարարը:
Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրել են 3000 հատ ծնողական կազմ, որից ստացված մանրաձուկը 2027 թվականին բաց կթողնեն լիճ: Մաթևոսյանը սա աննախադեպ գործընթաց որակեց:
«Եվ նման ևս մեկ գործընթաց ենք սկսել: Առաջին անգամ գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնատեսակների վերարտադրության համար հավաքագրվել է կարմրախայտի 2500 հատ ծնողական կազմ, արհեստական վերարտադրությամբ ստացվել է 80 հազար հատ մանրաձուկ, որից 50 հազարը նախատեսվում է 2026-ին բաց թողնել Ձորագետի վերին հոսանքներում»,-ասաց նախարարը: