Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ մշակվել է հրդեհային անվտանգության բրիտանական ստանդարտը. Եղիազար Վարդանյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ մշակել է հրդեհային անվտանգության բրիտանական ստանդարտը, որը կհաստատվի և գործարկման մեջ կդրվի ընթացիկ տարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
«Երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերի շրջանակում ավելացրել ենք շենք-շինությունների թույլատրելի հարկայնությունը՝ սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ։ Եթե նախկինում արգելված էր նախադպրոցական հաստատությունները երեք հարկից ավել կառուցել, ապա նոր նորմերով կարելի է կառուցել չորս հարկ, իսկ դպրոցները մինչև հինգ հարկ։ Բուժհիմնակներն, ըստ այդմ, կարելի է կառուցել մինչ ինը հարկ։ Մերօրյա շինարարական տեխնոլոգիաները թույլ են տալիս կիրառել արդի լուծումներ։ Դա շատ կարևոր է նաև հողային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու տեսանկյունից»,- ասաց Վարդանյանը։
Նա հավելեց, որ իրականացվում է մեծ ծավալի դպրոցաշինության ծրագիր, ուստի շահագործման հանձնելուց հետո անհրաժեշտ է այդ դպրոցները պատշաճ կարգով շահագործել։ Վարդանյանի տեղեկացմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է դպրոցների շահագործման ձեռնարկի մշակումը, որն այժմ գտնվում է ավարտական փուլում։ Այդ ձեռնարկում մանրամասնորեն նկարագրվելու են դպրոցների շահագործումը պատշաճ վիճակում պահելու գործողությունները, ինչը կլինի կարևոր ուղեցույց կրթական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար։
«ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ու Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակել ենք կանաչ քաղաքաշինության և էներգաարդյունավետության խթանմանն ուղղված նախագծային ուղեցույցը, որպեսզի նախագծողներն օգտվեն ու իրենց նախագծերում կիրառեն այդ տեխնիկական լուծումները»,- ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Քանի որ այսօր շինհրապարակներում աշխատում են բազմաթիվ օտարազգիներ, հետևաբար շատ է կարևորվում աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումը շինհրապարակներում։ Վարդանյանն ընդգծեց, որ այդ առումով նույնպես մշակվել է համապատասխան նորմ, որը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն լեզուներով և տրամադրվել համապատասխան կառույցներին։
«Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի ժամանակ ականատես եղանք, որ Հայաստանում առկա չէ մետաղական կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության նախագիծ, հետևաբար ստացանք հանձնարարություն և այժմ արդեն իսկ մշակել ու հաստատել ենք նշված կոնստրուկցիաներով կամուրջների արտադրության ամբողջ փաստաթղթավորումը։ Առաջիկայում ՏԿԵ նախարարության մեր գործընկերները կպատվիրեն ու կսկսենք նաև Հայաստանում արտադրել միջազգային չափանիշներին համապատասխան կրողունակություն ունեցող կամուրջներ»,- ասաց Վարդանյանը։