Վրաստան

Այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանով տարանցման համար. Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

Այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանով տարանցման համար. Կոբախիձե

Հայտարարված այլընտրանքային միջանցքը բեռների համար սպառնալիք չի ստեղծի Վրաստանի տարանցիկ կարողության համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը Դավոսում հայտարարել են, որ Վրաստանի տարածքով ներկայում փոխադրվող բեռներն ապագայում կփոխադրվեն անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանով։

«Ցանկանում եմ նշել մի պարզ ցուցանիշ, ինչը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը սպառնալիք չի ստեղծի Վրաստանի համար. վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքում բեռների ծավալն ավելացել է յոթ անգամ։ Այս պայմաններում մեր միակ խնդիրն է առավելագույնս օգտագործել մեր ենթակառուցվածքներն այս աճող բեռնաշրջանառությունն իրականացնելու համար։ Նման աճի պայմաններում այլընտրանքային միջանցքը պարզապես կլրացնի մեր տարանցիկ գործառույթը», - ասել է Կոբախիձեն։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Դրա հետ մեկտեղ վարչապետը նշել է, որ Վրաստանը մեծ ներդրումներ է կատարում միջանցքի զարգացման գործում։

«Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, ապա մենք շատ մեծ ներդրումներ ենք կատարում տարանցիկ գործառույթի զարգացման գործում. դա վերաբերում է ճանապարհային ենթակառուցվածքներին, նավահանգիստներին, օդանավակայաններին և տարբեր տեսակի ենթակառուցվածքային օբյեկտներին: Սա հիմնված է դրական սպասումների վրա՝ կապված տարանցման մշտական աճի հետ», - հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանով տարանցումը հատուկ դեր է խաղում երկրի տնտեսական զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գործող համաձայնագրերը: Դրա լրացուցիչ ամրապնդման համար ներկայում իրագործվում է Արևելք-Արևմուտք ճանապարհի մի հատվածի կառուցման մասշտաբային նախագիծը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան և Եվրոպան, ինչպես նաև Ռուսաստան տանող Հյուսիս-Հարավ ճանապարհը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում