Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանը սկսել է արտասահմանյան տպավորիչ հյուրախաղերով
4 րոպեի ընթերցում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026-ի հունվարի 16-ին և 17-ին Գերմանիայում՝ Զաալֆելդի Meininger Hof համերգասրահում հանդես է եկել Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին Թոփչյանը կղեկավարի Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը Նյուրնբերգի Meistersingerhalle-ում:
Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգի ծրագրում ընդգրկված են եղել Բեթհովենի, Խաչատրյանի, Շոստակովիչի ստեղծագործությունները։
Համերգը մեկնարկել է Լյուդվիգ վան Բեթհովենի «Պրոմեթևս» բալետի նախերգանքով, որտեղ կոմպոզիտորն անդրադարձել է հնագույն առասպելին՝ ցուցադրելով աստվածների դեմ Պրոմեթևսի ապստամբությունը, որը կրակ է բերում մարդկանց և արժանանում դաժան պատժի: Այս հերոսական պատմության մասին բալետում կոմպոզիտորը խստորեն հետևում է ձևավորված երաժշտական ավանդույթներին, իսկ Սիմֆոնիա թիվ 2-ում, որը հնչեց նախերգանքից հետո, անցում է կատարում նոր սիմֆոնիկ կոնցեպտի:
Երկրորդ բաժնում հնչել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը վառ հակադրություններով լի ստեղծագործություն է. հզոր, հստակ ռիթմիկ պասաժները համադրվում են ժողովրդական մեղեդիների և անսովոր էֆեկտների հետ: Վիրտուոզ Կոնցերտի կատարումը, որը միջազգային սենսացիա է եղել հենց պրեմիերայի օրից (1936), հանձն է առել երիտասարդ դաշնակահար Անդրեյ Կուրբետը: Նա փոխարինել է Արմեն Բաբախանյանին, որը, հարգելի պատճառներով, չի կարողացել ժամանել Գերմանիա:
Համերգն ավարտվել է Շոստակովիչի «Մցենսկի Լեդի Մակբեթ» օպերայի Ադաջիոյով՝ լարային նվագախմբի համար, որի երաժշտության մեջ համադրված են ողբերգությունն ու նուրբ երգիծանքը՝ հզոր կերպով փոխանցելով գլխավոր հերոսուհու ներքին տառապանքը, որն ապստամբում է նվաստացուցիչ հանգամանքների դեմ:
Համերգի մասին մասնագետների արձագանքներում նշվում է. «Թյուրինգիայի ունկնդրին արդեն լավ ծանոթ ականավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հերթական անգամ նվագախումբը հասցրեց իր վարպետության գագաթնակետին: Բեթհովենի «Պրոմեթևս»-ի նախերգանքը բարդ ծրագրի շատ հաջող սկիզբ էր, իսկ Բեթհովենի Երկրորդ սիմֆոնիայում նվագախումբը կրկին փայլեց՝ հրավիրյալ դիրիժորի ղեկավարությամբ։ Երեկոյի գագաթնակետը Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն էր՝ մենակատար Անդրեյ Կուրբետի կատարմամբ։ Անհավանական է փշաքաղվելու աստիճանի: Ընդամենը քսանչորս տարեկան երիտասարդ մենակատարն իր գործի վարպետն է, ինչպիսի՜ գեղարվեստական տպավորություն։ Շոստակովիչի «Ադաջիո»-ում նվագախումբը տպավորեց երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող տաք և թանձր լարային հնչողությամբ: Զաալֆելդի լեփ-լեցուն Meininger Hof-ի հանդիսատեսը որոտալից ծափահարություններով արտահայտեց իր երախտագիտությունը նվագախմբին, մենակատարին և հրավիրյալ դիրիժորին»։
Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգի ծրագրում ներառված են Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքը, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը և Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որի մենակատարն է հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը: