Մշակույթ

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանը սկսել է արտասահմանյան տպավորիչ հյուրախաղերով

4 րոպեի ընթերցում

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանը սկսել է արտասահմանյան տպավորիչ հյուրախաղերով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026-ի հունվարի 16-ին և 17-ին Գերմանիայում՝ Զաալֆելդի Meininger Hof համերգասրահում հանդես է եկել Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 8-ին Թոփչյանը կղեկավարի Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը Նյուրնբերգի Meistersingerhalle-ում:

Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգի ծրագրում ընդգրկված են եղել  Բեթհովենի, Խաչատրյանի, Շոստակովիչի ստեղծագործությունները։

Համերգը մեկնարկել է Լյուդվիգ վան Բեթհովենի «Պրոմեթևս» բալետի նախերգանքով, որտեղ կոմպոզիտորն անդրադարձել է հնագույն առասպելին՝ ցուցադրելով աստվածների դեմ Պրոմեթևսի ապստամբությունը, որը կրակ է բերում մարդկանց և արժանանում դաժան պատժի: Այս հերոսական պատմության մասին բալետում կոմպոզիտորը խստորեն հետևում է ձևավորված երաժշտական ավանդույթներին, իսկ Սիմֆոնիա թիվ 2-ում, որը հնչեց նախերգանքից հետո, անցում է կատարում նոր սիմֆոնիկ կոնցեպտի:

Երկրորդ բաժնում հնչել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը վառ հակադրություններով լի ստեղծագործություն է. հզոր, հստակ ռիթմիկ պասաժները համադրվում են ժողովրդական մեղեդիների և անսովոր էֆեկտների հետ: Վիրտուոզ  Կոնցերտի կատարումը, որը միջազգային սենսացիա է եղել հենց պրեմիերայի օրից (1936), հանձն է առել երիտասարդ դաշնակահար Անդրեյ Կուրբետը: Նա  փոխարինել է Արմեն Բաբախանյանին, որը, հարգելի պատճառներով, չի կարողացել ժամանել Գերմանիա:

Համերգն ավարտվել է Շոստակովիչի «Մցենսկի Լեդի Մակբեթ» օպերայի Ադաջիոյով՝ լարային նվագախմբի համար, որի երաժշտության մեջ համադրված են ողբերգությունն ու նուրբ երգիծանքը՝ հզոր կերպով փոխանցելով գլխավոր հերոսուհու ներքին տառապանքը, որն ապստամբում է նվաստացուցիչ հանգամանքների դեմ:

Համերգի մասին մասնագետների արձագանքներում նշվում է. «Թյուրինգիայի ունկնդրին արդեն լավ ծանոթ ականավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հերթական անգամ նվագախումբը հասցրեց իր վարպետության գագաթնակետին: Բեթհովենի «Պրոմեթևս»-ի նախերգանքը բարդ ծրագրի շատ հաջող սկիզբ էր, իսկ Բեթհովենի Երկրորդ սիմֆոնիայում նվագախումբը կրկին փայլեց՝ հրավիրյալ դիրիժորի ղեկավարությամբ։ Երեկոյի գագաթնակետը Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն էր՝ մենակատար Անդրեյ Կուրբետի կատարմամբ։ Անհավանական է փշաքաղվելու աստիճանի: Ընդամենը քսանչորս տարեկան երիտասարդ մենակատարն իր գործի վարպետն է, ինչպիսի՜ գեղարվեստական ​​տպավորություն։ Շոստակովիչի «Ադաջիո»-ում նվագախումբը տպավորեց երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող տաք և թանձր լարային հնչողությամբ: Զաալֆելդի լեփ-լեցուն Meininger Hof-ի հանդիսատեսը որոտալից ծափահարություններով արտահայտեց իր երախտագիտությունը նվագախմբին, մենակատարին և հրավիրյալ դիրիժորին»։

Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգի ծրագրում ներառված են Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքը, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը և Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը,  որի մենակատարն է հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում