Առանց Հայաստանի համաձայնության չի կարող տեղի ունենալ TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի օտարում. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Առանց Հայաստանի համաձայնության TRIPP զարգացման ընկերության բաժնեմասերի օտարում՝ նվիրում կամ վաճառք որևէ երկրի որևէ ընկերության տեղի ունենալ չի կարող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ընկերությունների հնարավոր մասնակցության վերաբերյալ մտահոգություններին:

Միրզոյանը նախ մեջբերում արեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթից. «TRIPP զարգացման ընկերությունը՝ ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել TRIPP ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը»:

Ապա նա վստահեցրեց. «Առանց Հայաստանի համաձայնության՝ բաժնեմասերի օտարում՝ նվիրում, վաճառք, տեղի ունենալ չի կարող»:

Միրզոյանի խոսքով՝ դա համաձայնեցված դրույթ է: Նա վստահեցրեց՝ առանց ՀՀ համաձայնության՝ բաժնեմասում ոչ միայն Ադրբեջանի ընկերությունների, այլ նաև որևէ երկրի որևէ ընկերության մասնակցություն տեղի ունենալ չի կարող: «Բացառվում է, ՀՀ կառավարությունը պետք է իր համաձայնությունը տա»,-ընդգծեց նախարարը:

TRIPP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներինը, իսկ 26% մասնաբաժինը կպահպանի Հայաստանի Հանրապետությունը:

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Շրջանակն ուրվագծում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ TRIPP-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:

 

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文