Հատուկ նախագծեր

Բելգիայի հայտնի հայերը. Ժան Բողոսյան․ հայկական ժառանգության և համամարդկային տեսլականի միջև

6 րոպեի ընթերցում

Բելգիայի հայտնի հայերը. Ժան Բողոսյան․ հայկական ժառանգության և համամարդկային տեսլականի միջև

Կրակի և հիշողության միջև բելգահայ Ժան Բողոսյանը կերտում է մի արվեստ, որտեղ անցյալը մշտապես երկխոսում է ներկայի հետ։ Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ և մեկենաս և «Վիլլա Էմպեն» կենտրոնի և «Բողոսյան» հիմնադրամի հիմնադիր Ժան Բողոսյանը համաձայնել է բացել այս մտորումների ինտիմ տարածքը

«Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում՝ «Բելգիայի հայտնի հայերը» շարքի շրջանակներում։

Աքսորից մինչև ստեղծագործություն, հայկական ժառանգությունից մինչև արվեստի համամարդկային ընկալում. նա ներկայացնում է մի ուղի, որը ձևավորվել է մշակութային ժառանգության փոխանցման, տեղաշարժի և վերափոխման միջոցով։ Նրա խոսքերի մեջ ուրվագծվում է մի մտածողություն, որտեղ արվեստը դառնում է լեզու, դիմադրություն և կամուրջ մշակույթների միջև։

-Ինչպե՞ս են Ձեր ինքնությունն ու հայկական ժառանգությունն այսօր ազդում Ձեր գեղարվեստական տեսլականի և աշխատանքի վրա։

-Իմ հայկական ժառանգությունը հին է և խորապես նշանավորված է թե՛ պատմությամբ, թե՛ աքսորով։ Ինչպես սփյուռքի շատ հայերի դեպքում, այն փոխանցվել է մասնատված ձևով, երբեմն՝ լռության միջոցով, հատկապես Ցեղասպանության հետևանքով։ Իմ պապը՝ այդ ողբերգության վերապրածը, Անատոլիայից տեղափոխվել է Հալեպ։ Այնտեղ եմ ծնվել ես, ապա մեծացել Լիբանանում, իսկ ավելի ուշ հաստատվել եմ Բելգիայի Անտվերպեն քաղաքում՝ ադամանդների աշխարհի սրտում։ Տեղաշարժերով, խզումներով և ինքնության վերակազմավորումներով լի այս ճանապարհը ձևավորել է իմ աշխարհընկալումը։

Մենք պատկանում էինք այն հայկական ընտանիքներին, որոնց կարելի է անվանել «ձուլված»․ հայերենը կենտրոնական տեղ չէր զբաղեցնում մեր առօրյայում։ Հայրս խոսում էր հայերեն, սակայն ես երբեք այն լիովին չեմ յուրացրել։ Այնուամենայնիվ, հայկականությունը միշտ առկա է եղել՝ արժեքների, հավաքական հիշողության, տեղահանման և մշակութային ժառանգության փոխանցման նկատմամբ յուրահատուկ զգայունության միջոցով։ Սա ինձ տվել է արմատներ, թեկուզ ոչ հստակ ձևակերպված, որոնք այսօր սնուցում են իմ գեղարվեստական աշխատանքը։

-Կարո՞ղ ենք Ձեր գործերում գտնել այդ հայկականության հետքերը։

-Այո, բայց ոչ երբեք ուղղակի կամ բառացի ձևով։ Իմ որոշ գործերում, հատկապես այնտեղ, որտեղ աշխատում եմ աբստրակտ գրության շուրջ, կարելի է զգալ հայկական այբուբենի, երբեմն նաև արաբական գրի արձագանքներ։ Դրանք ընթեռնելի գրություններ չեն, այլ ակնարկներ, հետքեր, ասես, մշակութային հիշողությունն ինքնաբուխ կերպով արտահայտվում է։

Այս մոտեցումն առանձնահատուկ արձագանք գտավ, երբ ես ցուցադրվեցի Հայաստանի Մատենադարանում՝ հին ձեռագրերին նվիրված խորհրդանշական վայրում։ Այնտեղ ես երկխոսություն հաստատեցի դարավոր տեքստերի հետ իմ սեփական «կրակի գրությունների» միջոցով, որոնք ստեղծվում են այրման գործընթացով։ Դա անցյալն ու ներկան, ավանդույթն ու ժամանակակից ստեղծագործությունը միավորելու ձև էր՝ պատմության հետ գրեթե հոգևոր փոխհարաբերության մեջ։

-Կրակը Ձեր գեղարվեստական աշխատանքի կենտրոնում է։ Ի՞նչ է այն ներկայացնում Ձեզ համար։

-Կրակը ինձ համար հիմնարար տարր է։ Այն միաժամանակ վերափոխում է, էներգիա է և վերածնունդ։ Դեռ մանկուց եմ զգայուն եղել կրակի նկատմամբ՝ խարույկներից մինչև հրաբուխներ, հալվող նյութ։ Ավելի ուշ, որպես ոսկերիչ, ես սովորեցի կառավարել կրակը՝ մետաղը ձևափոխելու համար։ Տասնամյակներ անց այն բնական կերպով վերադարձավ իմ գեղարվեստական աշխատանքի մեջ։

Հակառակ այն պատկերացման, ըստ որի կրակը կապված է միայն կործանման հետ, ես այն դիտարկում եմ որպես կառուցող տարր։ Իմ աշխատանքում կրակը չի ծառայում ոչնչացման, այլ բացահայտման, վերափոխման և այլ կերպ ստեղծելու նպատակին։ Այն դառնում է գործընկեր՝ տեղ թողնելով անսպասելիին, պատահականին, ինչը հարստացնում է ստեղծագործությունը շատ ավելի, քան ես ի սկզբանե պատկերացնում էի։

-Ձեր գործերը կրո՞ւմ են Ձեր անձնական և ընտանեկան պատմության հետքերը։

-Անկասկած։ Իմ ճանապարհը՝ նշանավորված աքսորով, տեղաշարժերով և ինքնության վերաձևումներով, արտացոլվում է իմ աշխատանքի մշտական զարգացման մեջ։ Ես ինձ երբեք չեմ համարում ստատիկ արվեստագետ։ Ամեն երկու-երեք տարին մեկ իմ ստեղծագործությունը փոխվում է, վերափոխվում, բացում նոր ուղղություններ։ Այս դինամիկան իմ կյանքի ուղու արտացոլումն է։

Կրակի, այրված գրքերի, այրված գրությունների կամ այրմամբ նշանավորված քանդակների միջոցով հնարավոր է նկատել արևելյան, հայկական, բայց նաև համամարդկային հիշողության շերտեր։ Սա ոչ այնքան ինքնության պահանջ է, որքան մարդկային ուղու վկայություն՝ մշտական վերափոխման մեջ։

-Ի՞նչ է Ձեզ համար նշանակում հայ լինելը։

Կասեի՝ հայ եմ իմ ծագմամբ, բայց խորապես աշխարհի քաղաքացի եմ։ Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են՝ հազարամյա մշակույթով և լեզվով։ Այդ հիշողությունը մնում է գեների մեջ, հավաքական անգիտակցականի խորքերում։

Սակայն ես զգուշանում եմ ինքնություններից, քանի որ դրանք փակուղի են ստեղծում և բաժանում։ Սահմանները, ազգությունները և կրոնները չափազանց հաճախ ծառայել են հակամարտությունների արդարացմանը։ Իմ գեղարվեստական և բարեգործական ներգրավվածությունն ուղղված է երկխոսությանը և բաժանարար գծերի հաղթահարմանը։ Այդ ոգով էլ ստեղծվեց «Բողոսյան» հիմնադրամը և Վիլլա Էմպենում գործող «Արևելք–Արևմուտք» արվեստի և երկխոսության կենտրոնը, որտեղ արվեստը դառնում է համամարդկային լեզու, պատասխան աշխարհի ճեղքվածքներին։ Այլ կերպ ասած՝ Art is the answer։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում