Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարն ու  ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային մի շարք հարցեր

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում  նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ բնապահպանության ոլորտում Գերմանիան Հայաստանի լավագույն և ամենահուսալի գործընկերներից մեկն է։

Նախարարն ու դեսպանը համակարծիք են, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ է և ունի հետագա զարգացման մեծ ներուժ։

Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը նշել է, որ տպավորված է համաժողովի տարբերանշանով և դրա հիմքում դրված գաղափարախոսությամբ՝ այն գնահատելով որպես բնության պահպանության և միջազգային համագործակցության կարևոր ուղերձ։

Գերատեսչությունից նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկել են հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Էկոպարեկային ծառայության համալրման և կարողությունների զարգացման աշխատանքներին՝ կարևորելով ոլորտում արդյունավետ վերահսկողության և պահպանության ապահովումը։

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև COP17 համաժողովի կազմակերպման ընթացքում համագործակցության հնարավոր ձևաչափերը, փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ուղղությունները։

Առանձին և ընդարձակ անդրադարձել են անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Կարևորել են անտառային էկոհամակարգերի վերականգնումը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված քայլերը և կենսաբազմազանության պահպանության համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Հանդիպման ավարտին կողեմրը վերահաստատել են պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում