Իրան

Թրամփը պարզաբանել է, թե ինչու է որոշել չհարվածել Իրանին

2 րոպեի ընթերցում

Թրամփը պարզաբանել է, թե ինչու է որոշել չհարվածել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հրաժարվել Իրանին հարված հասցնելու մտադրությունից։

«Ոչ ոք ինձ չէր համոզում։ Ես ինքս ինձ համոզել եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ շփման ընթացքում ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արաբական պետությունների կամ Իսրայելի իշխանությունները փորձել են ազդել իր որոշման վրա։

Նրա խոսքով՝ որոշման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են կախաղանով մահապատժի ենթարկելու ավելի քան 800 դատավճիռ, որոնք նախատեսում էին իրականացնել հունվարի 15-ին։  

Միևնույն ժամանակ, AFP-ն հունվարի 15-ին հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Օմանի իշխանությունները փորձել են համոզել ԱՄՆ նախագահին հրաժարվել Իրանին հարվածելուց։  

AFP-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայացուցիչները ևս նշել են, որ Թրամփը Թեհրանին տեղեկացրել է, թե ԱՄՆ-ն չի հարձակվի երկրի վրա։

ԱՄՆ նախագահը Իրանում ընթացող բողոքի լայնամասշտաբ ցույցերի ֆոնին ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները օգնության կհասնի, եթե Իրանի իշխանությունները բռնություն կիրառեն և սպանեն ցուցարարներին։ Իրանի իշխանությունները դա որակել էին միջամտություն իրենց ներքին գործերին և հայտարարել էին, որ պատրաստ են պաշտպանել երկիրը հնարավոր հարձակումներից։ Դրանից հետո միջազգային մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե Դոնալդ Թրամփը Իրանին հարվածներ հասցնելու որոշում է ընդունել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում