Եվրոպա

Կրեմլը դրական է գնահատում Մոսկվայի հետ երկխոսության մասին Հռոմից, Փարիզից և Բեռլինից հնչող ազդանշանները

2 րոպեի ընթերցում

Կրեմլը դրական է գնահատում Մոսկվայի հետ երկխոսության մասին Հռոմից, Փարիզից և Բեռլինից հնչող ազդանշանները

Կրեմլն արձանագրել է Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հնչող ազդանշանները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ և դա համարում է արևմտյան երկրների դիրքորոշումների դրական զարգացում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք արձանագրել ենք վերջին օրերին մի ամբողջ շարք եվրոպացի ղեկավարների կողմից, մասնավորապես՝ Փարիզից, Հռոմից և նույնիսկ Բեռլինից արված հայտարարությունները, որքան էլ տարօրինակ թվա, այն բանի օգտին, որ, այնուամենայնիվ, Եվրոպայում կայունության համար ռուսների հետ անհրաժեշտ է խոսել։ Դա լիովին համապատասխանում է մեր տեսլականին», - ասել է Կրեմլի խոսնակը։

«Եթե դա իրոք լրջորեն արտացոլում է եվրոպացիների ռազմավարական տեսլականը, ապա դա նրանց դիրքորոշումների դրական զարգացումն է», - նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ դեռ հենց վերջերս Եվրոպայի մայրաքաղաքներից հնչում էին հայտարարություններ, որոնք բացարձակապես բացառում էին ռուսների հետ որևիցե երկխոսության հնարավորությունը, և որոնցում խոսվում էր սոսկ Ռուսաստանի ջախջախիչ պարտության անհրաժեշտության մասին։

«Այսպիսի ուտոպիական հայտարարություններ։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է Պեսկովը։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարն առանձնահատուկ ընդգծել է, որ նման կարգի երկխոսություն հաստատվել է ամերիկացիների հետ։

«Մենք բարձր ենք գնահատում այդ առնչությամբ ամերիկացիների ջանքերը», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում