Հայաստան

Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները․ ԱՆ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները․ ԱՆ

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ:

Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։

«Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։

2026 թվականի հունվարի 5-ի դրությամբ իրականացվել է 185 497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200 000 դեղաչափի 92,7%-ը»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունից նաև հիշեցնում են՝ գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։

«Հիվանդներին հորդորում ենք մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժությամբ, առանց բժշկի նշանակման չօգտագործել հակաբիոտիկներ, պահպանել հազի և փռշտալու կանոնները, շատ հեղուկ խմել, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային ու ամենակարևորը՝ հագնվել եղանակին համապատասխան»,– եզրափակվում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում