Չինաստանը դատապարտել է Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը վճռականորեն դեմ է Իսրայելի կողմից Սոմալիլենդի պաշտոնական ճանաչմանը՝ որպես «անկախ ինքնիշխան պետություն», ինչպես նաև Իսրայելի կողմից Սոմալիլենդի հետ «դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու» համաձայնագրի ստորագրմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Լին Ցզյանը նշել է, որ Չինաստանը վճռականորեն աջակցում է Սոմալիի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած քայլի, որը խաթարում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

«Ոչ մի երկիր չպետք է խրախուսի կամ աջակցի այլ երկրների ներքին անջատողական ուժերին իր սեփական եսասիրական շահերից ելնելով», - ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակը՝  կոչ անելով Սոմալիլենդի ներկայացուցիչներին դադարեցնել «անջատողական գործունեությունը և արտաքին ուժերի հետ համագործակցությունը»։

Իսրայելը դեկտեմբերի 26-ին դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց ինքնահռչակված Սոմալիլենդի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն՝ ցանկություն հայտնելով Սոմալիլենդի հետ անհապաղ համագործակցություն հաստատել գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Հայերեն Русский