Քենիայում հաստատվել էբոլայի երկրորդ դեպքը. հիվանդը վիրուսի առաջին զոհի ազգականն է
2 րոպեի ընթերցում

Քենիան հաստատել է էբոլա վիրուսով վարակման երկրորդ դեպքը. առաջին դեպքը գրանցվել էր 10 օր առաջ, երբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից (ԿԴՀ) Քենիա ժամանած մի գործարար մահացել էր վիրուսից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Քենիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր հիվանդը 39-ամյա տղամարդ է, որն առաջին վարակվածի մերձավոր ազգականն է։ Նա արդեն կարանտինում էր գտնվում, երբ հոկտեմբերի 13-ին նրա մոտ հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել։
Էբոլա վիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է 2-21 օր։ Սա նշանակում է, որ վարակված անձանց մոտ հիվանդության ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի շաբաթ անց։
Նախարարությունը հայտնել է, որ հիվանդության վաղ հայտնաբերումը մեծացրել է տղամարդու ապաքինման հավանականությունը և նվազեցրել վիրուսը մյուսներին փոխանցելու վտանգը։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը հանրությանը կոչ է արել «հանգստություն պահպանել, բայց զգոն լինել»։
«Երկու դեպքերն էլ փոխկապակցված են, և հասարակության շրջանում վիրուսի ավելի լայն տարածման որևէ ապացույց չկա», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Քենիան շարունակում է բաց մնալ. ճանապարհորդությունների, առևտրի կամ հանրային հավաքների նկատմամբ որևէ սահմանափակում չկա», - հավելել է գերատեսչությունը։
Հոկտեմբերի 5-ին մահացած 40-ամյա քենիացի տղամարդու մոտ էբոլա էր հայտնաբերվել, երբ նա վատ ինքնազգացողությամբ ընդունվել էր մայրաքաղաք Նայրոբիի հիվանդանոց։ Նրան այնտեղ էր տարել ազգականը՝ օդանավակայանում դիմավորելուց հետո։ Տղամարդը ԿԴՀ-ից Ուգանդայով մեկնել էր Քենիա։ Տղամարդու մահվանից հետո պարզվել է, որ նրա հետ շփվել է 128 մարդ։ Նրանցից 113-ին գտել են։ 108-ը կարանտինում են Քենիայում։
Իսկ ԿԴՀ-ում էբոլայից մահացածնեի թիվը հասել է 4381-ի, հաստատված դեպքերի թիվը՝ 9066-ի։