2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով. ԱԳՆ
3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 2025 թվականն առանցքային տարի է համարում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ առանձնացնելով այդ ուղղությամբ արձանագրված նշանակալի զարգացումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ ամփոփելով 2025 թվականին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության արդյունքները ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ։
Նշվում է, որ 2025 թվականին ընդլայնվել է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը, ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։
Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է՝ որպես կայունությանը նպաստող կարևոր գործոն, ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք է բերվել կոնսենսուս Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ հատկացման շուրջ։
«Առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման երկխոսությունը՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:
Իրականացվում է Հայաստանի համար «Դիմակայունություն և աճ ծրագրի» ֆինանսավորման երկրորդ փուլը (202.5 միլիոն եվրո):
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա խոշոր միջոցառումների անցկացման հարցում.
Հայաստանն ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 2026թ․ գարնան գագաթաժողովը հյուրընկալող երկիր, 2026թ. մայիսին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը:
Տարին եզրափակվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունմամբ, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված առանցքային ուղղություններով կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն արտացոլում է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումները. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։