ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենը քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարը ներկայացրել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրին։
Նախարարը նշել է, որ հետաքրքրված ենք ծրագրի շարունակականությամբ և հանրապետության տարածքում նման այլ աղբավայրերի և թափոնների կառավարման ենթակառուցվածքների ձևավորմամբ։
Անդրադարձ է կատարվել նաև ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքին։
Դավիթ Խուդաթյանն ընդգծել է ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։