Վրաստան

Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի համար շահավետ է հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի համար շահավետ է հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ Եվրամիության համար շահավետ է հարաբերությունների բարելավումը հանրապետության հետ, և հայտարարել է, որ լավատեսորեն է նայում գալիք տարում հարաբերությունների վերագործարկմանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Օբյեկտիվորեն Եվրամիության շահերից չի բխում նման տիպի բացասական հարաբերությունների շարունակումը Վրաստանի հետ, առավել ևս Եվրամիության առկա դժվարությունների ֆոնին, որոնց պատճառը ռազմական գործողություններն են Ուկրաինայում և շատ շահավետ ռուսական շուկայի կորուստը», - ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Վարչապետը նշել է, որ այդ պայմաններում ԵՄ-ի շահերից է բխում գտնել նոր ուղիներ դեպի Արևելք, և այդ ուղղությամբ ամենաարդյունավետ ուղին անցնում է Վրաստանով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։

«Երբ Եվրամիությունը դա չի անում, մենք կարող ենք տրամաբանական եզրակացություն անել. եվրոպական բյուրոկրատիան չի կարողանում գործել սուվերեն կարգով:  Մենք այլ բացատրություն չունենք», - ասել է Կոբախիձեն։

Նա անհեթեթություն է անվանել ԵՄ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած հանդիպումն Ասիայի և Հարավային Կովկասի յոթ պետությունների հետ՝ նվիրված Սև ծովով տրանսպորտային կապերին, որին Վրաստանը չէր հրավիրվել՝ չնայած միակն է այդ  երկրների թվում, որ ունի ելք դեպի Սև ծով։

«Այնուամենայնիվ, մենք լավատեսորեն ենք նայում գալիք տարում Եվրամիության հետ հարաբերությունների վերագործարկմանը», - ասել է Կոբախիձեն:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում