Մարտունիի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել՝ Վասակ Մամիկոնյանի կյանքն ու գործունեությունը թեմայով
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Ա և Բ դասարանների աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել՝ այն նվիրելով հայոց ռազմի պատմության փառավոր հերոսներից մեկին՝ սպարապետ Վասակ Մամիկոնյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, աշակերտները ներկայացրել են 4-րդ դարում ապրած ու գործած սպարապետ Վասակ Մամիկոնյանի կենսագրությունը, ռազմագիտական կարողությունները և Հայաստանի անկախության պահպանման գործում ունեցած կարևոր դերը։

Նախագծային աշխատանքն իրականացվել է պատմության ուսուցչուհի Անի Շաքարյանի ղեկավարությամբ։ Աշխատանքների ընթացքում աշակերտները ծանոթացել են Վասակ Մամիկոնյանի կենսագրությանը, ռազմական և պետական գործունեությանը, կազմել են գիրք՝ նվիրված Վասակ Մամիկոնյանի կյանքին և գործունեությանը, պատրաստել սահիկաշարեր և բուկլետներ, որտեղ ներկայացրել են պատմական փաստեր, վկայություններ և պատկերներ։ Բացի այդ, աշակերտները ստեղծել են նաև Վասակ Մամիկոնյանի կիսանդրին, որը յուրօրինակ հարգանքի տուրք է սպարապետին։ Նրանց նախաձեռնությամբ գրվել է նաև երգ՝ նվիրված Վասակ Մամիկոնյանին, որտեղ արտացոլվում են սպարապետի քաջագործությունները և հայրենասիրական ոգին։ Բացի այդ, աշակերտները կազմակերպել են միջոցառում, որտեղ ներկայացրել են սպարապետի կյանքի և գործի ամենակարևոր դրվագները, ինչպես նաև բեմադրել պատմական ներկայացում, որը հանդիսատեսին տեղափոխել է անցյալ դարերի հերոսական Հայաստան։

«Նախագծի նպատակն էր ոչ միայն ծանոթացնել աշակերտներին մեր պատմական անցյալին, այլև ձևավորել հպարտություն հայ հերոսների հանդեպ և ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը։ Այս նախագծային աշխատանքը ոչ միայն պատմական գիտելիքների ամրապնդում էր, այլև ազգային ինքնագիտակցության, ստեղծագործական մտածողության և թիմային աշխատանքի դրսևորում։ Աշակերտների սրտերում Վասակ Մամիկոնյանի կերպարը դարձավ ոչ միայն պատմական հիշողություն, այլև հավատքի, ուժի և հայրենասիրության խորհրդանիշ։ Սպարապետի ոգին ապրում է յուրաքանչյուրիս մեջ, երբ սիրում ենք մեր հայրենիքը, պաշտպանում նրա լեզուն, մշակույթը և արժանապատվությունը։ Այդ սիրով ու հավատով է, որ շարունակվում է մեր պատմությունը։ Իսկ ամենամեծ արդյունքն այն էր, որ երեխաների մեջ արթնացավ հետաքրքրություն դեպի պատմությունը և ազգային հերոսների կերպարները»,-ներկայացրեց պատմության ուսուցչուհի Անի Շաքարյանը։
