ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ–ից հայտնում են, որ հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սեմինարներ ու թեմատիկ քննարկումներ, մշակել և հրապարակել գիտական հոդվածներ, դասագրքեր, ուսումնական նյութեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ։
Այս համագործակցության շրջանակում Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան Արևելագիտության ինստիտուտում անցնել գիտահետազոտական պրակտիկա, պատրաստել ասպիրանտական թեզեր։
Ավելի վաղ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագրեր է կնքել Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ։