4 րոպեի ընթերցում
Այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։
«Եթե նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել էին մոտ 55-57 միլիարդ դրամի չափով աշխատանքներ, ապա այս տարի հանրապետության համայնքներում իրականացվել են շուրջ 61,5 միլիարդ դրամի ընդհանուր աշխատանքներ։ Դրանից պետական բյուջեի համաֆինանսավորման մասն արդեն կազմում է ավելի քան 33,6 մլրդ դրամ, համայնքների բյուջեներինը՝ 26,7 մլրդ դրամ, իսկ մասնավոր կամ բնակիչների մասնակցությունը՝մոտ 670 մլն դրամ»,-ներկայացրեց Ավետյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում ևս առաջնահերթ ծրագրեր են հանդիսացել ճանապարհների հիմնանորոգումն ու կառուցումը (մոտ 40 տոկոսով), ինչպես նաև մեծաթիվ նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման աշխատանքները։
«Գնալով աշխատանքներն ավելի որակյալ են դառնում՝ շնորհիվ այն փոփոխությունների, կարգավորումների, որ իրականացնում ենք, ինչպես նաև՝ վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու միջոցով»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով ընթացիկ տարվա աշխատանքների առանձնահատկություններին։
Ավետյանը մանրամասնեց, որ նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերում մշտապես առաջին տեղում է եղել ասֆալտապատումը, այնուհետև՝ ջրամատակարարման, գազամատակարարման հարցերն ու մանկապարտեզները։ Վերջին երկու տարիներին մանկապարտեզների շինարարական աշխատանքներն իրենց ծավալներով այդ շարքում առաջ են մղվել։
Ընթացիկ տարում պետբյուջեից իրականացվել է ընդհանուր առմամբ 51 մանկապարտեզի հիմնանորոգման ու կառուցման մասով համաֆինանսավորում, այդ թվում՝ կան նաև ավարտական փուլում կամ ավարտական գրանցման փուլում գտնվողներ։
Ըստ մարզերի՝ սուբվենցիոն ծրագրերով պետբյուջեից հատկացված գումարի չափով այս տարի առաջին տեղում Գեղարքունիքն է 7,28 մլրդ դրամ, այնուհետև՝ Կոտայքը՝ 4,13 մլրդ դրամ պետական համաֆինանսավորմամբ, Արարատի մարզը՝ 3,8 մլրդ դրամ, Արագածոտնը՝ 3,36 մլրդ դրամ, Արմավիրը՝ 3,18 մլրդ դրամ և այլն։
Ավետյանը հայտնեց, որ կառավարության այս տարվա համապատասխան որոշմամբ սուբվենցիաների կարգում կատարվել է փոփոխություն. նախկինում ծրագրերի հաստատումը երկու փուլով էր ընթանում՝ նախ հավաքագրվում և ուսումնասիրվում էին համայնքների հայտերը, հետո հավանություն էր տրվում և հանձնարարվում նախագիծ-նախահաշիվ պատվիրել ու ընդհանուր փաթեթը պատրաստել։ Դա արվում էր, քանի որ նախագիծ-նախահաշիվների տեխնիկական բնութագրերը շատ վատ վիճակի էին լինում, բայց տարիների ընթացքում այս առումով դրական փոփոխություններ կան, և նախնական հայտերի ներկայացման փուլը հանվել է։
«Այժմ միանգամից ներկայացվում է ամբողջական փաթեթը, որի վերջնաժամկետը 2026 թվականի համար սահմանվել է մինչև 2026 թվականի մարտ ամիսը։ Ներկայում համայնքները նախագիծ-նախահաշիվներ են պատվիրում փաթեթները պատրաստելու և մեզ ներկայացնելու համար»,- մանրամասնեց ՏԿԵ նախարարության պաշտոնյան։
Հավելենք, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում ընդունված որոշմամբ պետական բյուջեից համաֆինանսավորում է հատկացվել հանրապետության 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագրերի համար՝ ընդհանուր ավելի քան 12 միլիարդ դրամ արժեքով։
Ինչպես նշել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, 2025 թվականի ընթացքում պետբյուջեից արված ընդհանուր առմամբ 33 մլրդ 635 մլն դրամի չափով համաֆինանսավորումը տարեսկզբի բյուջետավորման համեմատությամբ աճել է ավելի քան 200 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից շատ է ավելի քան 2 մլրդ դրամով: