Ըստ փորձագետի՝ ՀՀ-ում միջազգային հեղինակավոր քաղաքական ու մշակութային լայնամասշտաբ միջոցառումները դրական կազդեն տուրիզմի վրա
6 րոպեի ընթերցում

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ Հայաստանում այս տարի անցկացված միջազգային լայն հնչեղություն ունեցող միջոցառումները, ինչպես նաև աշխարհահռչակ դեմքերի այցերը դրական ազդեցություն կունենան հաջորդող տարիների զբոսաշրջային ցուցանիշների վրա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեխակ Ապրեսյանը նախ զգալի աճ համարեց տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, որը պաշտոնական տվյալներով կազմել է 453.138՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,2 տոկոսով։

«Այս տարվա առանձնահատկություններից մեկը, ընդհանրապես, որն ավելի շատ հետո է ունենալու իր ազդեցությունը, դա ամբողջ աշխարհի ուշադրության սևեռումն է Հայաստանի վրա՝ այստեղ կազմակերպված մի շարք միջազգային նշանակության միջոցառումներով պայմանավորված, որոնցից, իհարկե, ամենահատկանշականներից են Եվրոպական քաղաքական համայնքի, Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովները, Էմանուել Մակրոնի այցելությունը, ինչպես նաև հայտնի մարդկանց, օրինակ՝ Մայք Թայսոնի այցելությունը, Լարա Ֆաբիանի համերգը, հոկտեմբերին նախատեսվող COP 17-ը և նույնիսկ Հայաստանում ընտրական պրոցեսն ու դրա շուրջ աշխարհով մեկ հետաքրքրվածությունը։ Այս ամենը նշանակում է, որ մենք գնալով տարեցտարի ավելի ճանաչելի ենք դառնում, ակտիվ մարքեթինգային քաղաքականություն ենք իրականացնում, իսկ Հայաստանից զբոսաշրջիկները միշտ իրենց սպասելիքները գերազանցած են գնում, իրենց լավագույն տպավորություններով կիսվում իրենց ընկերների, բարեկամների, հարազատների հետ»,-նկատեց փորձագետը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա ցուցանիշները նախորդ տարիների աշխատանքի արդյունք են, որը դրսևորվել է աշխարհում արդեն հայտնիություն վայելող, կայացած հայաստանյան փառատոններով, ինչպես նաև միջազգային հնչեղություն ստացած համերգներով ու սպորտային միջոցառումներով։
Ըստ Ապրեսյանի՝ դրանք նպաստում են նաև կազմակերպված տուրիզմին վնասաբեր մի խնդրի լուծմանը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն հանգամանքին, որ նպատակային շուկա հանդիսացող շատ երկրների՝ Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի արտգործնախարարությունները իրենց պաշտոնական կայքերում Հայաստանը դեռևս ներկայացնում են կարմիր եզրագծերով՝ դիտարկելով որպես ոչ այնքան անվտանգ երկիր, հատկապես՝ ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը։

«Չնայած նրան, որ շատ հեղինակավոր պարբերականներով Հայաստանը միշտ առաջին 10-յակում է անվտանգ, ապահով, գրավիչ երկրների շարքում, բայց նման հրապարակումներ լինում են։ Այս միջազգային կարգի միջոցառումների, մեր կայացած գեղեցիկ փառատոններ շնորհիվ, որոնք լավ լուսաբանվում են, աշխարհը տեսնում է, որ բազմաթիվ տարբեր երկրներից հազարավոր, տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, Եվրոպայի առաջին դեմքեր ապահով շրջում են այստեղ»,-նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավարը՝ հավելելով, որ զբոսաշրջության ոլորտում ձեռքբերումները նաև պետական կառույցների և մասնավոր հատվածի աշխատանքի արդյունք են՝ ինչպես համագործակցային, այնպես էլ առանձին-առանձին։
Ապրեսյանը ոլորտի շարունակական ու կայուն զարգացման գործընթացում կարևորեց կազմակերպված տուրիզմի ուղղությամբ անելիքներն ու ծառայությունների մրցունակության բարձրացումը, այդ թվում՝ մեղմելով վերջինների անհարկի գնաճը։
«Կայուն կազմակերպված զբոսաշրջությունն է, որ ավելի շատ տուժել է կորոնավիրուսից, պատերազմական իրավիճակից և դեռևս լիովին չի էլ վերականգնվել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա վերականգնենք՝ օրենսդրական մեխանիզմներով, տարբեր տնտեսական խթաններով։ Ճիշտ է, քիչ-քիչ վերականգնվում է, բայց, միևնույն է, եթե նայենք հետազոտության արդյունքներին, ապա կտեսնենք, որ ընդհանուր այցելությունների մեջ այն շուրջ 5 %-ն է կազմում, իսկ մեր նպատակ այդ ցուցանիշը գոնե մոտ 30 %-ի հասցնելն է»,-ասաց Ապրեսյանը։
Նրա ներկայացմամբ՝ կազմակերպված զբոսաշրջությունն առավել կայուն է, որի դեպքում են շրջագայություններն իրականացվում ծրագրային և ընդգրկում բոլոր մարզերը՝ ընդհուպ մինչև սահմանամերձ բնակավայրեր, մինչդեռ զբոսաշրջիկների անհատական այցելություններն ու ժամանցը հիմնականում կենտրոնացած են Երևանում։

«Մենք առաջարկով ենք հանդես եկել, որը շատ կարևոր խնդրի լուծումներ է ապահովելու և անհարկի գնաճն է մեղմելու, մեր տարածաշրջանային մրցունակության ու համագործակցության դերի բարձրացմանն է նպաստելու, ինչպես նաև մշակութային անվտանգության, տեղեկատվական անվտանգության հարցն է լուծելու։ Խոսքը վերաբերում է ներգնա զբոսաշրջային փաթեթների նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառմանը,որը, ի դեպ, Վրաստանը 2011 թվականից կիրառում է»,-ներկայացրեց փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ օրինագծի ընդունվելու դեպքում կխթանվի կազմակերպված զբոսաշրջության զարգացումը՝ լուծելով համաչափ ապակենտրոնացման, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, մշակութային, տեղեկատվական անվտանգության հարցեր, ինչպես նաև կամրապնդվի ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությունը, կբարձրանա տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի մրցունակությունն աշխարհում։
Ապրեսյանն ընդգծեց, որ Հայաստանում այժմ զբոսաշրջության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում, որոնց անբաժանելի մաս է կազմում նաև իրենց ներկայացրած նախագիծը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ներգնա զբոսաշրջության ռեկորդային արդյունք է գրանցվել։
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
