Իրանում Հայաստանի դեսպանը զգալի առաջընթաց է նկատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում

4 րոպեի ընթերցում

Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը, այդ մասին ասել է Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը իրանական «Թասնիմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

«Վերջին շրջանում մենք իսկապես ականատես ենք եղել Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացմանը։ Այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքին քաղաքական ու ոլորտային համապատասխան գերատեսչությունների միջև։ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը կարգավորման գործընթացում՝ նպատակ ունենալով հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը և բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,-մատնանշել է դեսպանը։  

Հակոբյանը մանրամասնել է, որ ընթացիկ տարում Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկխոսության շրջանակում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։  

«Այդ պայմանավորվածությունները ներառում են Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործարկումը, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղու և Հայաստան-Թուրքիա էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Տարածաշրջանային փոխկապվածության տեսակետից առանցքային նշանակություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը։ «Թրամփի ուղի» նախագծի հետ միասին այն կձևավորի միասնական երկաթուղային ցանց՝ կապելով Հարավային Կովկասի երեք երկրներն ու հարևան տարածաշրջանները։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ օրեր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են այդ երկաթուղու վերականգնմանն ու շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը, ինչը վկայում է գործընթացի շարունակական և գործնական բնույթի մասին»,-ասել է դեսպան Հակոբյանը։ 

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանը լիահույս է, որ Վաշինգտոնում եռակողմ հռչակագրով ամրագրված ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքներն ու «Թրամփի ուղի» նախագծի շուտափույթ իրականացումը կստեղծեն այն բարենպաստ միջավայրը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել կարևորագույն հաջորդ քայլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու ենթակառուցվածքների լիարժեք բացմանը։  

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատելի է զգալի առաջընթաց, և այդ դինամիկան պահպանելու պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում ձևավորել նոր, առավել ինտեգրված ու կանխատեսելի միջավայր, որը բացառիկ կարևորություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,-եզրափակել է Իրանում ՀՀ դեսպանը։ 

Հայերեն English فارسی Français ქართული Русский Türkçe

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին