Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրերը Գեղարքունիքի մարզում կշարունակվեն նաև 2026 թվականի ընթացքում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրերը կշարունակվեն նաև 2026 թվականի ընթացքում։
«Արմենպրես»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշելով, որ մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քաղաքական և գործառնական խորհրդական Ավետիք Փաշայանին։
Հանդիպման ընթացքում Ավետիք Փաշայանը ներկայացրել է Գեղարքունիքում ԿԽՄԿ–ի կողմից 2025 թվականին իրականացված առողջապահական և միկրոտնտեսական աջակցությունների ուղղվածության ծրագրերի ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին սահմանամերձ ու թիրախային համայնքներում նախատեսվող աշխատանքները։
Ավետիք Փաշայանի հավաստմամբ՝ 2025 թվականի հիմնական ծրագրերը հաջողությամբ ավարտվել են, իսկ 2026-ին դրանք շարունակվելու և ընդլայնվելու են։
Քննարկվել են նաև առաջիկա տարվա ծրագրերի ուղղությունները, համագործակցության հնարավորությունները և մի շարք այլ հարցեր։
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ–ի իրականացրած աշխատանքների համար և վստահեցրել , որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը 2026 թվականին ևս պատրաստ է աջակցել ծրագրերի արդյունավետ իրականացմանը։