Կամավոր ատեստավորումը. մի ուսուցչի պատմություն

7 րոպեի ընթերցում

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Աբրահամյանը, ով բոլորովին վերջերս է հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորմանը, բարձր է գնահատում  այդ գործընթացը՝ որպես հիանալի միջոց ինքնակատարելագործման և մասնագիտական որակները թարմացնելու համար։

«Արմենպրես»-ի «Փոդքասթ» նախագծի շրջանակներում Անուշ Աբրահամյանը կիսվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու իր փորձով, տպավորություններով և այդ շրջանակներում ուսուցչին ընձեռվող հնարավորությունների մասին։

Նրա համոզմամբ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու գործընթացը՝ սկսած նախապատրաստվելուց, ուսուցչին օգնում է համահունչ քայլել կրթական կյանքի մարտահրավերներին։

«Միայն գիտելիքներով զինվելու շնորհիվ է հնարավոր օգտագործել ժամանակակից ռեսուրսները։ Հատկապես այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում, եթե ուսուցիչը զինված չլինի համապատասխան գիտելիքներով, այդ ռեսուրսներն են նրան կառավարելու։ Որպես ուսուցիչ ինքնավստահ դասարան մտնելու համար ինձ շատ անհրաժեշտ էին այն գիտելիքները, որոնք ստացել եմ թե՛ կամավոր ատեստավորման ընթացքում, թե՛ դրան նախորդած վերապատրաստումներին մասնակցությամբ։ Ցանկացած ուսուցիչ պիտի ինքնավստահ դասարան մտնի, իսկ հնացած, կարծրացած գիտելիքով այդ ինքնավստահությունը չի լինի, որովհետև 21-րդ դարում երեխաներն անընդհատ պրպտումների, ինֆորմացիաների որոնման մեջ են և անընդհատ փորձում են ստուգել ուսուցչի գիտելիքները։ Այդ ճանապարհին ուսուցիչը պիտի ամուր կանգնի իր ոտքի վրա, երբ դասարան է մտնում։ Միշտ պետք է մի քայլ պիտի առաջ լինի՝ նորարարությունների առումով»,-համոզմունք հայտնեց Աբրահամյանը։

Ատեստավորմանը մասնակցելու որոշում ի սկզբանե է ունեցել՝ այդ գործընթացի ներդրումից անմիջապես հետո, սակայն մասնակցելու հնարավորություն ընձեռվել է միայն հնգամյա աշխատանքային փորձ վաստակելուց հետո։

Ուսուցչուհին պատմեց, որ մինչ այդ բազմաթիվ  վերապատրաստումների է մասնակցել, որոնք ևս կարևոր են մեթոդավարման, նոր մեթոդների կիրառման, չափորոշիչների կիրառման համար։ Վերապատրաստումների և ինքնակրթության արդյունքում գիտելիքները հարստացնելուց հետո, Աբրահամյանի բնութագրմամբ, կամավոր ատեստավորման  թեստերն այլևս «սարսափելի» բարդ չեն թվացել։

Արդյունքում՝ նա ցուցաբերել է 82 % արդյունք,  բայց որոշ խնդրահարույց հարցեր բողոքարկվել են և չի բացառվում, որ այդ ցուցանիշն առաջիկայում ավելի բարձրանա։

Անշուշտ, ատեստավորման գործընթացում ոգևորող և դրդապատճառ հանդիսացող  ասպեկտներից մեկն էլ աշխատավարձի բարձրացման բաղադրիչն է, որը նույնպես լրացուցիչ ազդակ է։

Արդեն գալիք տարվա հունվարից ատեստավորումն անցած ուսուցչուհին աշխատավարձը կստանա արդեն 40 տոկոս հավելավճարով։

Շարունակական ինքնակրթությունն ատեստավորմանը մասնակցելու համար ամենևին երկրորդական դեր չի ունեցել։  «Ուսուցիչը, անկախ նրանից մասնակցել է կամավոր ատեստավորմանը, թե ոչ, մասնագիտական առումով միշտ պատրաստ պետք է լինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տարիներ առաջ ձեռք բերած գիտելիքները նոր ժամանակների մարտահրավերների համեմատ  միշտ չէ, որ մրցունակ ու կիրառելի են, իսկ այդ բացը լրացնելու են գալիս վերապատրաստումներն ու կամավոր ատեստավորման գործընթացը։

Աբրահամյանի դիտարկմամբ՝ անհատական ֆինանսական միջոցներով շարունակական կրթություն ստանալը, մասնագիտական որակների բարելավումը, վերապատրաստվելը ուսուցչի համար միշտ չէ, որ մատչելի է, և այդ առումով է, որ պետական համապատասխան ծրագրերը, այդ թվում՝ կամավոր ատեստավորումը, գալիս են աջակցելու մանկավարժներին։

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը մասնակցելու ժամանակ ունեցած մտավախություններին՝ ուսուցչուհին նշեց, որ դրանք հիմնականում պայմանավորված են լինում անցողիկ շեմը չհաղթահարելու հանգամանքով։

Նրա կարծիքով՝ ուսուցիչների մեծամասնությունը կցանկանար մասնակցել գործընթացին, սակայն շատերը մտավախություն ունեն, որ երկու անգամ ձախողելու դեպքում կզրկվեն իրենց աշխատանքից։

«Այս մտավախությունը նաև մեր ավագ գործընկերների մոտ կա։ Ստացվում է, որ այն ուսուցիչները, որոնք ահռելի մանկավարժական փորձ ունեն, հմտություններ, գիտելիքներ, գալիս են մի դաշտ, որտեղ ուզում են ինքնակրթվել, բայց դրա համար «պատժվում» են, որովհետև 2 անգամ ձախողելու դեպքում կկորցնեն աշխատանքը։ Ստացվում է, որ այն ուսուցիչները, որոնք չունեն ձգտում կամ գուցե նույնպես այդ մտավախությամբ պայմանավորված, չեն ուզում փորձել,  մնում են, աշխատում են, իսկ դեպի դրան գնացողները կարող են կորցնել աշխատանքը, ընդ որում՝ ունենալով տարիների վաստակ։ Անշուշտ, այդ վախը կա, որովհետև երբ գնում ես ատեստավորման, չգիտես այդ պահին քո հուզական վիճակն ինչպիսին կլինի, որտեղ կձախողես, որտեղ կհաջողես, արդյոք կարդարանան քո սպասելիքները, որովհետև մեզ տրվող  ուղեցույցը ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլ նաև շատ ուշադրություն է պահանջում, որոնք պիտի հիշել, իսկ տարիքի հետ, կարծես, մի քիչ դժվար է այդ ճանապարհն անցնելը»,-ասաց Աբրահամյանը։

Չնայած այդ մտավախությանը՝ անցնելիք բավականին բարդ, բայց հաղթահարելի ընթացքին,  որ ինքն էլ ժամանակին ունեցել է, ուսուցչուհին, իր փորձից ելնելով, խրախուսական համարեց կամավոր ատեստավորմանը մասնակցելը։

«Կրթվելը, առհասարակ, մարդուն միշտ ինքնավստահություն է տալիս, և երբ որոշակի ճանապարհ էի անցնում ու գիտելիքներս զարգացնում, ամեն անգամ յուրովի էր դառնում այդ ինքնավստահությունը։ Իմ ձեռք բերած մանկավարժական հմտություններն ինձ թույլ են տալիս ավելի ծավալվելու, հետաքրքիր դասեր անցկացնելու»,-ընդհանրացրեց ուսուցչուհին՝ շեշտելով, որ կշարունակի բարձրացնել մասնագիտական որակները և ամեն տարի կմասնակցի  ատեստավորմանը։

Ավելի մանրամասն՝ փոդքասթում

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ