Փորձագետը Վրաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր չի տեսնում

6 րոպեի ընթերցում

Վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձել է Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ շեշտելով, որ այնտեղ ընդդիմությունը միասնական չէ։ Նրա կարծիքով Վրաստանում ստեղծված անկայուն ներքաղաքական իրավիճակը կշարունակվի մինչև հաջորդ ընտրություններ։ 

Վրացագետը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։  

«Վրաստանում ներքաղաքական գործընթացները շարունակվում են, ու թեև դրանք այն մասշտաբների չեն, ինչ մեկ տարի առաջ, այդուհանդերձ, ընդդիմադիր տարբեր դրսևորումներ, բողոքի ցույցեր տեղի են ունենում։ Միևնույն ժամանակ, Գիորգի Գախարիայի կուսակցությունը դադարեցրեց խորհրդարանական բոյկոտը, և պատգամավորները վերստին լծվեցին իրենց մասնագիտական գործունեությանը, ինչը ցույց է տալիս, որ խորհրդարանի լեգիտիմության հետ կապված լուրջ ճգնաժամն ինչ-որ չափով հաղթահարված է։ Խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիան արդեն մասնակցում է պառլամենտական գործունեությանը և իր դժգոհությունը կարող է արտահայտել քվեարկությունների ժամանակ կամ այլ դրսևորումներով»,- ասաց Մելիքյանը։  

Անդրադառնալով Վրաստանի իշխանությունների որոշմանը՝ փոքր խմբերով փողոցներ փակելն արգելելու վերաբերյալ՝ վրացագետն ասաց, որ տարբեր երկրներում կան փորձեր, երբ ոչ թե արգելվում են բողոքի ցույցերը, այլ դրանք սահմանափակվում են օրենքներով։ 

«Զարգացումների այն համատեքստում, որ վերջին տարիներին առկա է Վրաստանում, երբ պարբերաբար տեղի են ունենում բողոքի մեծ ու փոքր ակցիաներ, փակվում են փողոցներ, հասարակության որոշ հատվածների մոտ առաջացնում էր ակնհայտ դժգոհություն։ Դա պատճառներից մեկն է, որ իշխանություններն արգելեցին փողոցներ փակելու կամ փոքրաթիվ ակցիաներով բողոքելու ձևաչափերը։ Այդ ամենը պետք է դիտարկել ներվրացական քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ»,- նշեց վրացագետը։ 

Մելիքյանի դիտարկմամբ՝ ամենամեծ խնդիրը բողոքի ցույցի մեջ չէ, այլ ընդդիմադիր դաշտի ոչ միասնական լինելու մեջ է։ Այսօր Վրաստանում առկա են երկու զուգահեռաբար դրսևորվող գործընթացներ, որոնցից առաջինը ծավալվում է խորհրդարանում, մյուսը դրսևորվում է փողոցային պայքարի տեսքով։ Կան կանխատեսումներ, որ բողոքի գործընթացները կարող են ի վերջո մարել։ Մյուս կողմից շարունակում են բարդ լինել Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ, ինչն ավելի է խորացնում ճգնաժամը։ 

«Հստակ է, որ իշխանություններն անում են իրենց քայլերը, իսկ ընդդիմադիրները փորձում են հակազդել, սակայն Վրաստանի ընդդիմությունն ակնհայտորեն այսօր միասնական չէ։ Այդուհանդերձ, այս անկայուն իրավիճակը կշարունակվի մինչև գալիք խորհրդարանական ընտրություններ։  Ներքաղաքական զարգացումներում  շատ բան կախված կլինի նաև Վրաստան-Արևմուտք օրակարգից։ Վերջին մեկ-երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ արտաքին գործոնի ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա մի կողմից բացասական է, բայց մյուս կողմից էլ այնպիսին չէ, որ կարողանա հանգեցնել արտահերթ ընտրությունների։ Ընդդիմության գործողությունները նույնպես չունեն այն հուժկու թափը, որպեսզի ընդդիմադիրները հասնեն իրենց համար ցանկալի հանգուցալուծման»,- ասաց Մելիքյանը։ 

Նա հավելեց, որ, գուցե, որոշ քաղաքական ուժեր փորձում են արտաքին կողմնորոշումների հարցով օրակարգ ստեղծել, բայց նրանց առջև ծառացել են այլ բնույթի խնդիրներ։  Նման իրավիճակում Վրաստանի իշխանություններն իրենց ընտրազանգվածին համոզեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ֆոնին անհրաժեշտ է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել։ Ըստ Մելիքյանի՝ խնդիրը մեծ հաշվով ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ լինելու մեջ է, այլ ավելի զգուշավոր դիրքորոշում ունենալու մեջ է, ինչը թույլ չի տա արտաքին խաղացողներին Վրաստանին ճնշել և վերջինիս շահերի հաշվին հարցեր լուծել։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է աշխատել բոլորի հետ՝ չեզոքացնելով հնարավոր ռիսկերն ու վտանգները, որոնք կարող են առաջանալ առճակատման պայմաններում՝ ունենալով նաև տարածաշրջանային մուլտիպլիկատիվ էֆեկտ։ 

«ԵՄ-ի ազդեցությունը Վրաստանում տարիներ շարունակ բավականին ազդեցիկ էր, սակայն այդ լծակն այժմ չկա, թեև «Վրացական երազանք»-ի նկատմամբ կիրառվում են որոշակի պատժամիջոցներ։ Մյուս կողմից Վրաստանի իշխանությունները փորձում են վերականգնել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ, ինչից կախված կլինի ապագան գալիք  երեք տարիներին։ Եթե Թրամփի վարչակազմի հետ լինեն որոշ չափով տանելի հարաբերություններ, ապա, գուցե, որոշ ժամանակահատվածում ճնշումները Բրյուսելից նվազեն։ Միտումները ցույց են տալիս, որ լուրջ փոփոխություններ չեն կարող լինել 2028 թվականին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ, հետևաբար Վրաստանի շուրջ ձևավորված ստատուս-քվոն դեռ կպահպանվի»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։    

Նրա համոզմամբ՝ Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների նորմալացումը բխում է նաև Հայաստանի շահերից։ Ավելին, Բրյուսելը փորձում է այժմ Հայաստանի միջոցով պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, թեև դա այնքան էլ հեշտ չէ։ 

«Ակնհայտ է, որ արտաքին բալանսավորված քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, որոշ չափով նաև Վրաստանն ու Ադրբեջանը, զուտ ցանկություն չէ, այլ պահի հրամայական, որից ելնելով՝ տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են արտաքին մեծ խաղացողների միջև հավասարակշռությունը պահպանել, որպեսզի գլոբալ առճակատման տարբեր սցենարների պարագայում բացասական ազդեցությունները մեր տարածաշրջանի վրա լինեն նվազագույն չափի»,- եզրափակեց Մելիքյանը։    

Հայերեն Русский

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին