Լիբանանի նախագահը Ֆրանսիայի նախագահի բանագնացի հետ քննարկել է Իսրայելի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր
2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ընդունել է Ֆրանսիայի նախագահի բանագնաց Ժան-Իվ Լե Դրիանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի նախագահական գրասենյակը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լիբանանի հարավում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև վերջին ներքաղաքական զարգացումների ու բարեփոխումների վերաբերյալ հարցեր։
«Լիբանանը ողջունում է Ֆրանսիայի ցանկացած դերակատարում, որը կնպաստի ընթացող բանակցությունների (խմբ․ Իսրայելի հետ) հիմնարար նպատակներին հասնելուն։ Այս նպատակներն ուղղված են ռազմական գործողությունների դադարեցմանը, Իսրայելի զորքերի դուրսբերման ապահովմանն՝ օկուպացված հարավային տարածքներից, լիբանանցի բանտարկյալների ազատ արձակմանը և Կապույտ գծի երկայնքով առկա հարցերի լուծմանը»,- նշել է նախագահ Աունը։
Նա հայտնել է, որ լիբանանա-իսրայելական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։
«Մեր դիրքորոշումն արտացոլում է մեր ցանկությունը՝ բանակցելու, դիվանագիտական լուծումներ գտնելու համար, քանի որ մենք բացարձակապես չենք ցանկանում ընդունել պատերազմի լեզուն: Լիբանանի դիրքորոշմանը հաջորդած եղբայրական և բարեկամ երկրների դրական արձագանքները նշանակում են աջակցություն այս քայլին»,- նշել է նա։
Լե Դրիանն ընդգծել է, որ Ֆրանսիան միշտ կանգնած է Լիբանանի կողքին և աջակցում է բոլոր այն միջոցառումներին, որոնք նպաստում են նրա անվտանգությանն ու կայունությանը: Նա նաև շեշտել է Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ Լիբանան կատարած այցի դրական ազդեցությունը։
Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ հովանու ներքո տեղի էին ունեցել Լիբանանի և Իսրայելի միջև առաջին ուղիղ բանակցությունները 1993 թվականից ի վեր, որի արդյունքները կողմերը դրական են գնահատել։