Իրավունք

Սրբուհի Գալյանն անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերին

2 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանն անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերին

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությանն այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն անազատության մեջ է, անհապաղ վիրահատության կարիք ունի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սրբուհի Գալյանն ասել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է համապատասխան դիմում ներկայացնի, որին ընթացք կտրվի։ 

«Որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե խոսքը գնում է անձի առողջության մասին։  Ընդամենը պետք է, որ անձը դիմում ներկայացնի, այդ դիմումը կքննարկվի և կներկայացվի պատասխանը, կձեռնարկվեն առողջության պահպանմանն ուղղված բոլոր միջոցները»,- նշել է նախարարը։  

Նա հստակեցրել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից դիմում չի ներկայացվել, սակայն հավելեց, որ ինքն արդեն հանձնարարել է, որպեսզի քրեակատարողական ծառայության իրավաբանը մոտենա նրան և վերցնի դիմումը։ 

Նախարարը վստահեցրեց, որ դիմումը ստանալուց հետո դրան անմիջապես ընթացք կտրվի և կկազմակերպվի անձի բուժօգնությունը։ 

Միևնույն ժամանակ, Գալյանն ասել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մոտ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ։  «Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է, և որևէ սուր խնդիր չի արձանագրվել»,- նշել է նախարարը։ 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Նա շեշտել էր, որ այդ հարցը պետք է շատ արագ լուծում ստանա։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում