Ձևաչափը դեռ հստակ չէ, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մեծ հավանականությամբ կմասնակցի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահն այդ մասին հայտարարել է իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ՝ արձագանքելով «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ չեն մասնակցելու 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի պարտության մատնել գործող իշխանություններին։
«Ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունենք, բայց մեծ հավանականությամբ ես կմասնակցեմ ընտրություններին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը աբսուրդ է որակել Թաթոյանի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Նրա խոսքով՝ այդպիսով Արման Թաթոյանը գտնում է, որ ընտրություններին ընդհանրապես չպետք է մասնակցեն ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ ՀՀԿ-ի առաջնորդը՝ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ նույնիսկ եթե կուսակցությունների առաջնորդները ցուցակում ներառված չլինեն, սակայն նրանց կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, դա նշանակում է, որ առաջնորդները ևս մասնակցում են։