3 րոպեի ընթերցում
Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը երիտասարդների միջազգային օրը նշելու է տոնախմբությամբ ու տարբեր միջոցառումներով: Դեկտեմբերի 4-ին՝ Կամավորների միջազգային օրվան ընդառաջ, Գյումրիում մեկնարկեցին օրվան նվիրված միջոցառումները՝ մեկտեղելով քաղաքի ակտիվ երիտասարդներին:
Գյումրիի «Հաղթանակ»-ի զբոսայգում իրականացվեցին «Կանաչ տեսլական» խորագրի ներքո տարածքի մաքրության և խնամքի աշխատանքները։ Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարելավել հանրային տարածքների տեսքը, այլև ընդգծել համայնքի հանդեպ պատասխանատվության և բնական միջավայրի պահպանության կարևորությունը։
Ավելի ուշ, առցանց ձևաչափով կանցկացվի «Շրջակա միջավայրը կամավորների աչքերով» վեբինարը, որի ընթացքում երիտասարդները կստանան նոր գիտելիքներ բնապահպանության և կամավորական գործունեության թեմայով։
«Լինելու է Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի «Տարվա կամավոր» մրցանակաբաշխությունը, որտեղ կհավաքվեն տարվա ամենաակտիվ կամավորները։ Սա կարևոր իրադարձություն է, որը ոչ միայն գնահատում է նրանց ջանքերը, այլև ամրապնդում կամավորական շարժման զարգացումը: Այս միջոցառումները միավորում են երիտասարդներին՝ հաստատելով կամավորական գործունեության կարևոր դերը մեր համայնքի զարգացման ու բարեկեցության գործում»,-«Արմենպրես»-ին ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենան հանդիսավոր մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություններ, ինչպես նաև կամփոփվի «Իմ պատմությունը 100 վայրկյանում» առցանց մրցույթի արդյունքները։ Միջոցառումը կշարունակվի ոչ ֆորմալ հյուրասիրությամբ և երաժշտությամբ, որտեղ կամավորները կկարողանան կիսվել ձեռքբերումներով և ամրապնդել ընկերական կապերը։
Նախաձեռնությունն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի կողմից:
Ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվում է Կամավորների միջազգային օրը: Նման տոն սահմանելու վերաբերյալ որոշումը 1985թ. ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: