Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքները

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցում առավել կարևորություն ներկայացնող հարցերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգի բովանդակային հագեցվածությունը։ 

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը գոհունակությամբ նշել են օրերս ՀՀ-ԵՄ նոր՝ ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը՝ ընդգծելով դրանով նախատեսված ուղղություններով ակտիվ փոխգործակցության հարցում անկեղծ շահագրգռվածությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման ճանապարհին Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՀՀ մոտեցումները։ 

«Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող վերափոխել տարածաշրջանն ու կարևոր դեր խաղալ փոխկապակցվածության ցանցի զարգացման հարցում», - ընդգծել է նախարար Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում