6 րոպեի ընթերցում
Հայաստանում կանանց ծանրամարտը տարիների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել։ Հիմա ծանրամարտով զբաղվում են երկու անգամ ավելի շատ աղջիկներ, քան 15 տարի առաջ: Հայկական ծանրամարտում բեկումնային եղան երկու անուններ` Հռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան: Նրանց փոխարինելու են գալիս նոր անուններ, որոնք մեծ հիացմունքով են խոսում ավագ սերնդի մասին` ձգտելով հասնել ու գերազանցել նրանց:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը խոսել է անցնող տարվա, մեծահասակների մրցաշարերում կայանալու ու իր մեծ երազանքների մասին:
-Ալեքսանդրա, ինչպիսի՞նն էր 2025 թվականը` հաշվի առնելով, որ այս տարի մեծահասակների մրցաշարերում մասնակցեցիք միայն Եվրոպայի առաջնությանը:
-Մեծահասակների Եվրոպայի առաջնությանն այս տարի գնացել էի կրկին չեմպիոնության համար, սակայն գրավեցի միայն երկրորդ հորիզոնականը: Եվ գիտեք, Եվրոպայի առաջնությունում չեմպիոնության կորստի պատճառը ինքնավստահությունն էր: Ես կարծում էի, որ խնդիրը բուն չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն էր: Սակայն Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար մեծ փորձ ու դաս եղավ:
-Անդրադառնալով ձեր քաշային կարգում առկա մրցակցությանը, ովքե՞ր են այն հիմնական ծանրորդները, որոնք պայքարում են այս քաշային կարգում մեդալների համար:
-Ինձ համար բոլորն էլ լուրջ մրցակիցներ են այս քաշում, քանի որ միշտ չէ, որ գիտես, թե մարզիկներից որ մեկը կկարողանա անել ավելին: Իրականում շատ կարևոր է, որ մենք ունակ լինենք մրցահարթակ բարձրանալիս առնվազն կրկնելու այն, ինչ անում ենք մարզումների ընթացքում, հետո նաև անենք ավելին, ինչին ունակ ենք:
-Այս տարի Դուք ձեր ուժերը փորձեցիք նաև երիտասարդական մրցաշարերում: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք անցնող տարում:
-Հիմա, երբ արդեն մեծահասակների մրցաշարերին մի քանի անգամ մասնակցել եմ, առավել մեծ փորձով եմ մոտենում երիտասարդական մրցաշարերին: Ինձ անասելի շատ օգնում է այն փորձը, որ ձեռք եմ բերում մեծերի մրցաշարերում: Որպես մրցաշարի, այս անգամ առավել հանգիստ էի երիտասարդների առաջնություններում, բայց ինձ ավելի մեծ հանգստություն տվեց նաև այն, որ անձնական մարզիչս էր հետս:
-Նախորդ տարի, երբ դարձաք Եվրոպայի չեմպիոն, բացահայտում էիք մարզասերների համար և հիմա Ձեզնից ակնկալիքներն ավելի շատ են: Պատասխանատվությունն այժմ ավելի շատ է, ինչպե՞ս եք հարմարվում այս իրավիճակին:
-Այո, պատասխանատվությունը մեծ է, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ մարզիկները միշտ չէ, որ լինում են առաջին հորիզոնականում: Մեծ է նաև հավանականությունը, որ ինչ-որ պահի նաև մեդալ էլ կարող է չլինել: Սա նորմալ է, մարզիկների օրգանիզմը չի կարող միշտ նույն ծանրաբեռնվածությամբ աշխատել:
-Ինչի՞ մասին եք երազում որպես մարզիկ:
-Ինչպես բոլոր ծանրորդները, ես էլ բացառություն չեմ, նպատակս աշխարհի, Եվրոպայի և, իհարկե, Օլիմպիական խաղերի մեդալներն են: Բայց այս պահին միտքս մեկն է` 2027 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Երևանում և ցանկությունս է, որ կարողանամ հաղթել այդ տարի: Գիտեք, ուզում եմ, որ մեր սերունդը` նոր սերունդը, նույնպես ունենա աշխարհի առաջնության չեմպիոն:
-Ալեքսանդրա, խոսելով նոր սերնդից, ձեր մարզիչը` Քրիստինե Պետրոսյանն ու իր սերնդակիցները կանանց ծանրամարտի այն ավագ սերունդն են, որոնք նոր մակարդակի բարձրացրին կանանց ծանրամարտը Հայաստանում: Ինչպիսի՞նն է աշխատանքը նրանց հետ:
-Եթե անկեղծ, մեր ավագ սերնդի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մեծ դեր ունի մեր մարզական կյանքում: Թե Հռիփսիմե Խուրշուդյանը, թե Նազիկ Ավդալյանն այն մարզիկներն են, որոնք օրինակ են: Ամիսներ առաջ, երբ առիթ ունեցանք մարզական հավաքի շրջանակներում մարզվել նաև Հռիփսիմե Խուրշուդյանի հետ, մեզ հույս տվեց, որ մենք էլ կարող ենք մրցունակ լինել միջազգային մրցաշարերում:
-Որքանո՞վ եք հարմարվել նոր քաշային կարգին, որն այժմ օլիմպիական քաշ է:
-Հիմա դեռևս քաշային կարգերը վերջնականապես հաստատված չեն: Որքանով որ ես եմ տեղեկացված՝ օգոստոսին միայն վերջնականապես կհաստատվի քաշերը: 2026 թվականն էլ կարևոր է այնքանով, որ մրցաշարերն արդեն իսկ վարկանիշային են: Պետք է փորձենք լավ մասնակցություն ունենալ այդ մրցաշարերում` Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից առաջ:
-Բոլորս մեր կյանքում ունենք մեկ անձի, ով մեզ համար օրինակ է մասնագիտության մեջ: Ո՞վ է ձեր օրինակելի մարզիչը:
-Հռիփսիմե Խուրշուդյանը: Բայց իմ անձնական մարզիչը` Քրիստինե Պետրոսյանը ևս այն մարդկային օրինակն է, որին փորձում եմ նմանվել:
-Ի՞նչն եք գնահատում մարդկանց մեջ առաջնայինը:
-Անկեղծությունը:
-Ո՞րն է Ձեզ համար ծանրամարտի գեղեցկությունը, որը սովորական մարզասերի համար աննկատ է մնում:
-Գիտեք, երբեք չէի մտածել այս մասին: Բայց կարծում եմ, որ ծանրամարտի գեղեցկությունը հավասարակշռվածությունն է, ձգտումը և իհարկե, գեղեցիկ տեխնիկան:
-Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: