Իսրայելը հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու նախապայմանը
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնարավոր է համարել Սիրիայի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը Դամասկոսից հարավ գտնվող տարածքներն ապառազմականացնելու դեպքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Բենիամին Նեթանյահուն պայման է համարել, որ Իսրայելը շարունակի վերահսկել Գոլանի բարձունքների բուֆերային գոտին։
«Մենք անպայման ակնկալում ենք, որ Սիրիան կստեղծի ապառազմականացված անվտանգության գոտի Դամասկոսից մինչև բուֆերային գոտի, ներառյալ, իհարկե, Հերմոն լեռան և դրա գագաթի մատույցները։ Մենք պահպանում ենք այս տարածքները՝ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, և սա է մեզ պարտավորեցնում։ Լավ ոգով և այս սկզբունքների ըմբռնմամբ կարելի է համաձայնության գալ նաև սիրիացիների հետ, բայց մենք ամեն դեպքում կպահպանենք մեր սկզբունքները»,- ասել է Նեթանյահուն։
Սիրիայում իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում իսրայելական բանակը գրավել է երկրի հարավում գտնվող Գոլանի բարձունքներում անվտանգության բուֆերային գոտին և իրականացրել մի շարք ռազմաօդային գործողություններ։ Իսրայելական իշխանությունները այս գործողությունները բացատրել են Գոլանի բարձունքներում գտնվող իրենց հյուսիսային քաղաքների և բնակավայրերի անվտանգության մտահոգություններով, ինչպես նաև Դամասկոսի նոր իշխանությունների ձեռքում մեծ քանակությամբ զենքի և ռազմական տեխնիկայի հայտնվելը կանխելու անհրաժեշտությամբ։
Իսրայելը և Սիրիան մի քանի ամիս բանակցում էին անվտանգության համաձայնագրի շուրջ, սակայն առայժմ արդյունք չի գրանցվել։