ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի ապատեղեկատվության դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարը ապահովելու համար»,- ասաց Կոսը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հավելեց՝ ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում, և Հայաստանը կարող է այս հարցում ապավինել ԵՄ աջակցությանը:

«Մենք աշխատանքներ պիտի տանենք ապատեղեկատվության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը և մեդիաներին աջակցելու նպատակով, որպեսզի կանխենք ճնշումները այդ ուղղությամբ»,- նշեց հանձնակատարը:

Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Հայերեն العربية English Русский Türkçe