Ռուսաստան

Ռահմոնը և Պուտինը քննարկել են գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի համատեղ ջանքերը

2 րոպեի ընթերցում

Ռահմոնը և Պուտինը քննարկել են գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի համատեղ ջանքերը

Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի շրջանակներում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ժամանակակից սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության և կիբերհանցագործության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Տաջիկստանի նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Գոհունակությամբ նշվել է, որ Տաջիկստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի վրա հիմնված համագործակցությունը կայուն զարգանում է», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նախագահները մեծ ուշադրություն են դարձրել ժամանակակից աշխարհի սպառնալիքների և վտանգների դեմ համատեղ պայքարում համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ ահաբեկչության ու ծայրահեղականության, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության հետ կապված անդրսահմանային հանցագործությունների մասով։

Հաղորդագրության համաձայն՝ նաև քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության, ինչպես նաև երկկողմ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։ 

Շեշտադրվել է կրթության, մշակույթի և այլ մարդասիրական ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։

«Տեղի է ունեցել նաև մտքերի առարկայական փոխանակում տարածաշրջանային և միջազգային կոնկրետ հարցերի շուրջ», - հավելել է մամուլի ծառայությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում