Ամերիկյան առաջարկն իսկապես կարող էր ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման գրավական լինել․ քաղաքագետ
8 րոպեի ընթերցում
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ամերիկյան կողմի առաջարկած և 28 կետից բաղկացած փաստաթուղթն իսկապես կարող էր առանցքային ու շրջադարձային նշանակություն ունենալ արյունալի, երկարատև պատերազմի դադարեցման ու բարդ կոնֆլիկտի հանգուցալուծման գործում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանն անդրադարձավ ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլին և դրա կարգավորման համատեքստում ամերիկյան կողմի 28 կետից բաղկացած առաջարկին։
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս կրկնել էր, որ իշխանության գալուց հետո նոր վարչակազմն անպայման դադարեցնելու է ռուս-ուկրաինական պատերազմը, և նույնիսկ դրա համար նշվում էր հստակ ժամանակահատված։ Թեև այդ խոստումն անիրատեսական էր այն առումով, որ այդքան կարճ ժամկետում հնարավոր չէր կարգավորել նման բարդ խնդիրը, այդուհանդերձ, Թրամփի ձգտումը հասկանալի էր ու հստակ»,- ասաց Քեռյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ դա, բնականաբար, չէր նշանակում, որ հանրապետականներն ավելի հումանիստ էին, քան դեմոկրատները, սակայն Հանրապետական կուսակցությունը՝ որպես հասարակության գործարար շրջանակների շահերն արտահայտող քաղաքական ուժ, տեսնում էր, որ ուկրաինական պատերազմի ֆինանսավորումն ուղղակի մաշում է ԱՄՆ-ի ռեսուրսները, ու պատերազմի երկարատևությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նաև Միացյալ Նահանգներում։
«Մյուս կողմից գերակշռում էր այն գիտակցումը, որ վատ խաղաղությունն, այնուամենայնիվ, ավելի լավ է ցանկացած պատերազմից։ Դա փաստորեն ընկալվում էր որպես փրկության օպերացիա, որպեսզի արդեն իսկ ծախսված 200 միլիարդ դոլարից հետո հավելյալ միջոցներ աննպատակ չվատնվեին։ Թրամփն իր խոստման համաձայն՝ ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմն ավարտվեր։ Նա դադարեցրեց ուղղակի ֆինանսավորումն Ուկրաինային, և հիմա ամերիկյան սպառազինությունը տրվում է ուկրաինական կողմին գումարի դիմաց ու եվրոպական դաշնակիցների փողերով։ Ալյասկայում կայացավ Թրամփ-Պուտին շրջադարձային հանդիպումը, ինչն անհավատալի էր թվում։ Թրամփը լուրջ ճնշումներ է գործադրում նաև եվրոպական եռյակի (խմբ. Գերմանիա-Ֆրանսիա-Միացյալ Թագավորություն) ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա, որպեսզի կարողանա ընդհանուր հայտարարի գալ պատերազմը դադարեցնելու գործում»,- մանրամասնեց քաղաքագետը։
Խոսելով ամերիկյան կողմի առաջարկած և 28 կետից բաղկացած առաջարկի մասին՝ Քեռյանը հիշեցրեց, որ Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը և Պուտինը հանգամանորեն քննարկել էին այդ կետերը, և ՌԴ նախագահն էլ օրերս հայտարարեց, որ այդ առաջարկն իսկապես կարող էր լինել հակամարտության կարգավորման հիմք։ Քաղաքագետը հավելեց, որ 2020 թվականին ուկրաինական կողմին առաջարկվել էին ավելի լավ պայմաններ։
«Այն ժամանակ «Նորմանդական քառյակի» շրջանակում ակտիվորեն քննարկվում էր միայն Ղրիմի անջատման խնդրահարույց հարցը, իսկ Լուգանսկի և Դոնեցկի համար նախատեսվում էր ինքնավար կարգավիճակ Ուկրաինայի կազմում, սակայն դա տապալվեց: Սկսվեց պատերազմը, որից որոշ ժամանակ անց կրկին հնարավոր էր կարգավորման մի հանգրվանի հասնել, բայց ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շատ համահունչ էր գործում եվրոպական գործընկերների հետ՝ գտնելով, որ պետք է անպայման պարտության մատնել Ռուսաստանին։ Անցել է մոտ չորս տարի, այժմ Ուկրաինան ունի շատ ավելի մեծ տարածքային ու մարդկային կորուստներ, քայքայված է երկրի տնտեսական ու էներգետիկ ռեսուրսների զգալի մասը, վեց միլիոն մարդ դարձել է փախստական»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով՝ այն, ինչ ցանկանում էր հավաքական Արևմուտքն անել ՌԴ-ի և Պուտինի դեմ, ըստ էության, չստացվեց։ Արևմուտքն ի սկզբանե ցանկանում էր չեզոքացնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում, մինչդեռ Պուտինի համար այդտեղ և հատկապես Ուկրաինայում ռուսական ազդեցության վերականգնումն ուներ կենսական նշանակություն։
Նրա խոսքով՝ 28 կետից բաղկացած առաջարկն իսկապես կարող էր տանել խաղաղության։ Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը Ուկրաինային համոզում են չընդունել ամերիկյան առաջարկը։
Նա հավելեց, որ բանակցությունների ձախողման պարագայում ամերիկյան կողմը կարող է պարզապես դադարեցնել սպառազինության մատակարարումը, թեև այն ներկա փուլում եվրոպացիների փողերով տրամադրվում է ուկրաինացիներին։ Կարող է դադարեցվել նաև ամերիկյան տիեզերական հետախուզության տվյալների տրամադրումն Ուկրաինային։
«Դրանից հետո ԵՄ-ն կկարողանա՞ բացառապես իր սպառազինությամբ ինքնուրույն աջակցել Ուկրաինային՝ անդադար մատակարարելով զենք-զինամթերք։ Արդյո՞ք նրանց տիեզերական հետախուզության տվյալները կարող են փոխարինել ամերիկյան տեղեկատվությանը, դժվար է ասել։ Մյուս կողմից Թրամփը կպահի՞ իր խոստումը՝ սահմանելով նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ, թե՞ նորից կտա խուսափողական պատասխաններ։ Ամեն դեպքում 28 կետերից բաղկացած առաջարկն այն հիմքն էր, որը կարող էր դադարեցնել պատերազմը։ Իհարկե, դա ավելի ցավալի է Ուկրաինայի համար, քանզի դե-յուրե ճանաչվում է նրա տարածքի 20 տոկոսի կորուստը, բայց իրողությունն այն է, որ 2014 թվականի երկրորդ Մայդանից հետո, երբ ռուսներն անջատեցին միայն Ղրիմը, այժմ 2025 թվականի դրությամբ՝ ուկրաինական կողմի կորուստները քառապատկվել են»,- նշեց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով՝ մոտ օրերս կերևա՝ ԱՄՆ-ն կպահպանի՞ իր խոստումը, թե՞ կկատարի այլ քայլեր, որոնք նոր շրջադարձ կարող են մտցնել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։
Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկի կետերի թիվը նվազել է, և ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ծրագրում շատ տարրեր հաշվի են առնվել։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու։
28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը: Ուկրաինան պետք է նաև նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը՝ ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի: Կիևը նաև պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից՝ փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ: Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ: Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, և երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ: